«Լելո»-ն ՆԳՆ-ից տեղեկություն է պահանջում Շովիի ողբերգության հետաքննության ընթացքի մասին

«Լելո» ընդդիմադիր կուսակցությունը Վրաստանի ներքին գործերի նախարարությունից (ՆԳՆ) պահանջում է հանրությանը տեղեկացնել Շովիի ողբերգության հետաքննության ընթացքի մասին։

«Լելո»-ի անդամ Լևան Սամուշիան հոկտեմբերի 23-ին կայացած ճեպազրույցում ասել է, որ անհրաժեշտ է բացահայտել, թե ով է պատասխանատու Ռաճայում վաղ ահազանգման համակարգի չգործելու համար։

Սամուշիան ասել է, որ հետաքննության խնդիրն այն է համարում, որ Շովիի գործով քննչական մարմինը ոչ թե դատախազությունն է, այլ ՆԳՆ-ն, որի փրկարար ուղղաթիռին մոտ 3 ժամ է պահանջվել՝ սողանքում արգելափակված մարդկանց օգնության հասնելու համար։

Ներքին գործերի նախարարության իրականացրած հետաքննությունը խնդրահարույց է համարում նաև աղետի հետևանքով մահացած Դավիթ Բերիաշվիլիի մոր հիմնած «Գործընկերություն հանուն մարդու իրավունքների» իրավապաշտպան կազմակերպությունը։