ԱՄՆ-ն ու ԵՄ-ն վերահաստատել են իրենց աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանը

ԱՄՆ-ը և Եվրամիությունը վերահաստատել են իրենց աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և եվրոպական հեռանկարին։ Կողմերը այս հայտարարությունը տարածել են հոկտեմբերի 20-ին Սպիտակ տանը կայացած համատեղ գագաթնաժողովից հետո:

«Մենք համամիտ ենք Արևմտյան Բալկաններում կայունության ապահովման ընդհանուր հանձնառությանը և աջակցում ենք տարածաշրջանի եվրոպական հեռանկարին։ Բոլոր գործընկեր երկրները պետք է շարունակեն ԵՄ-ին անդամակցելու համար անհրաժեշտ բարեփոխումները»,- ասված է հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ գագաթնաժողովում քննարկվել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները ևս։ Համատեղ հայտարարության մեջ կարդում ենք, որ կողմերն աջակցում են երկու երկրների միջև երկարաժամկետ խաղաղության պահպանմանը։

Համատեղ գագաթնաժողովին մասնակցել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեն Լայենն ու Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։