ՄԱՇ-ը կոչ է անում անվճար սնունդ տրամադրել դպրոցականներին

Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը կոչ է անում Վրաստանի հանրային դպրոցներում անվճար սնունդ տրամադրել երեխաներին։

ՄԱՇ-ի պատգամավոր Աննա Ցիտլիձեն ճեպազրույցի ընթացքում ասել է, որ իրենք խորհրդարանին ներկայացրել են համապատասխան օրենսդրական նախաձեռնություն։ Կառավարությանը և իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը նա խնդրել է աջակցել այդ առաջարկին։

«NDI-ի հարցումների համաձայն՝ յուրաքանչյուր երրորդ քաղաքացին ասել է, որ բավարար գումար չունի ընտանիքին կերակրելու համար։ Սա նշանակում է, որ այս երկրում յուրաքանչյուր երրորդ երեխան քաղցած է… Անհրաժեշտ է, որ պետությունը նրանց անվճար սնունդ տրամադրի դպրոցում», — ասել է Ցիտլիձեն։

Պատգամավորն անդրադարձել է նաև դպրոցականների շրջանում անցած տարի անցկացված ուսումնասիրության տվյալներին։ Հարցված աշակերտների 77 տոկոսն ասել է, որ դասի ժամանակ քաղց է զգում, 35 տոկոսը նշել է, որ դա տեղի է ունենում անընդհատ, իսկ 42 տոկոսը ընտրել է «երբեմն» պատասխանը։

Վրաստանի հանրային դպրոցներում սովորում է մոտ 549 հազար աշակերտ։ Ըստ հաշվարկների՝ անվճար սննդի ծրագիրը կարժենա տարեկան ավելի քան 100 միլիոն լարի: