Մեկնարկել է Վրաստանի նախագահի հայաստանյան այցը․ լուսանկարներ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մարտի 13-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է մեկնել: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում նշել է Սալոմե Զուրաբիշվիլին:

«Զվարթնոց» օդանավակայանում Վրաստանի պատվիրակությանը դիմավորել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ու ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեն։

Զուրաբիշվիլիի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Վրացական պատվիրակության կազմում են Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին, Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գիորգի Վոլսկին, Վրաստանի փոխարտգործնախարար Լաշա Դարսալիան և պաշտոնատար այլ անձինք:

Հիշեցնենք՝ Զուրաբիշվիլին առաջին օտարերկրյա այցը սկսել է Բրյուսելից, իսկ տարածաշրջանայինը՝ Ադրբեջանից: Ադրբեջանում արած նրա հայտարարությունը Վրաստանում իրարամերժ կարծիքների առիթ էր դարձել։