Մելքոնյանի՝ Վրաստան մուտքի հետ կապված խնդիրն առաջացել էր տեխնիկական սխալմունքի պատճառով

Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը Աշոտ Մելքոնյանի՝ Վրաստան մուտք գործելու հարցի առնչությամբ հայտարարություն է տարածել: Ստորև ներկայացնում ենք հայտարարությունն անփոփոխ.

«Հաշվի առնելով ակադեմիկոս, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի տնօրեն, Ախալքալաքի պատվավոր քաղաքացի Աշոտ Մելքոնյանի՝ Վրաստան մուտք գործելու հարցի առնչությամբ առաջացած հանրային հետաքրքրությունը՝ հայտնում ենք, որ Վրաստանում ՀՀ դեսպանությունը Վրաստանի պատկան մարմիններից ստացել է տեղեկատվություն, որ ս․թ․ հունիսի 6-ին թուրք-վրացական «Կարծախի» անցակետում Աշոտ Մելքոնյանի՝ Վրաստան մուտքի հետ կապված խնդիրն առաջացել էր տեխնիկական սխալմունքի պատճառով, և ՀՀ քաղաքացի Աշոտ Աղասու Մելքոնյանը կարող է անարգել մտնել Վրաստանի տարածք», — գրված է դեսպանության ֆեյսբուքյան էջում:

Հիշեցնենք, որ Աշոտ Մելքոնյանին հունիսի 6-ին Վրաստանի սահմանային ծառայության աշխատակիցները թույլ չեն տվել Վրաստան մտնել։

Վերջինս թուրքագետ Աշոտ Սողոմոնյանի խմբի հետ ինքնաթիռով Երևանից մեկնել էր Վան, այնտեղից՝ Կիլիկիա և հետ վերադառնալիս է եղել մեքենայով, երբ Կարծախի վրացական անցակետի աշխատակիցները երկար սպասեցնելուց հետո թղթեր են ներկայացրել ստորագրման՝ այն մասին, որ Աշոտ Մելքոնյանի մուտքը Վրաստան արգելված է։