Մենք իսկապես եղբայրական ժողովուրդներ ենք. Արմեն Սարգսյանը Վրաստանում

«Ակնկալում եմ աշխատել Վրաստանի նախագահի, կառավարության ու խորհրդարանի, ամենակարևորը՝ ժողովրդի հետ՝ առավել ամրապնդելու մեր հարաբերությունները»,- այս մասին Վրաստանում հայտարարել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Սարգսյանը շնորհավորել է Վրաստանին և վրաց ժողովրդին նոր նախագահ ընտրելու կապակցությամբ և հաջողություններ է մաղթել Սալոմե Զուրաբիշվիլիին:

Վրաստանի ԱԳ նախարարության տեղեկատվությամբ, Սարգսյանը կարևորել է Վրաստանի և Հայաստանի միջև առկա պատմական սերտ հարաբերությունները, դրանք էլ ավելի խորացնելու նշանակությունը:

«Հայաստանն ու Վրաստանը, ինչպես նաև մեր երկու ժողովուրդներին միավորում են հազարավոր տարիների բարեկամական ու եղբայրական հարաբերությունները։ Հազարամյակներ շարունակ երկու ազգերի հարաբերությունները օրինակ են ծառայել, երբևէ լուրջ խնդիրներ չեն ունեցել: Մենք իսկապես եղբայրական ժողովուրդներ ենք։ Այդ պատճառով բնական է, որ Հայաստանի Հանրապետության նախագահը այսօր գտնվում է այստեղ»,- հայտարարել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: