Միջազգային ԶԼՄ-ները՝ թբիլիսյան իրադարձությունների մասին

Թբիլիսի կենտրոնում ցուցարարներին ցրելու փորձի ընթացքում կիրառվել է ջրցան մեքենա ու արցունքաբեր գազ։

«Ցուցարարները մտավախություն ունեն, որ օրենքի նախագիծը կարող է վնասել հարավկովկասյան այս երկրի՝ Եվրամիությանն անդամակցելու հույսերին»,- նշում է բրիտանական Reuters-ը։

Հրատարակությունը գրում է, որ վերջին տարիներին Վրաստանի կառավարությունը բախվել է դիտորդների քննադատությանը, ովքեր ասում են, որ երկիրը գնում է դեպի ավտորիտարիզմ։

«Հունիսին Եվրամիությունը, քաղաքական և դատաիրավական բարեփոխումներին խոչընդոտելու հիմքով, հրաժարվեց Վրաստանին Մոլդովայի և Ուկրաինայի հետ միասին թեկնածուի կարգավիճակ տրամադրել»,- ասվում է հրապարակման մեջ։

Մեկ այլ հեղինակավոր լրատվամիջոց էլ՝ BBC-ն, արձագանքելով Թբիլիսիում ընթացող իրադարձություններին, գրում է, որ Վրաստանի մայրաքաղաքում բախում է տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջև այն բանից հետո, երբ խորհրդարանը պաշտպանել է «վիճելի օրինագիծը, որը, ըստ քննադատների, սահմանափակում է մամուլի ազատությունը և ճնշում քաղհասարակությանը»:

«Խորհրդարանի շենքի դիմաց հավաքվածներին ցրելու համար հատուկ նշանակության ջոկատները ջրցան մեքենաներ ու պղպեղի սփրեյ են կիրառել»,- ասվում է տեղեկատվության մեջ։

Հրատարակությունը գրում է, որ հանրահավաքի մասնակիցների մեծ մասն ու երկրի ընդդիմությունը մտավախություն ունեն, որ օրենքի ընդունումը վերջ կդնի Եվրամիությանն անդամակցելու Վրաստանի երկարամյա հավակնություններին։

The Guardian հրատարակությունը նույնպես արձագանքել է Թբիլիսիի բողոքի ակցիաներին և գրել, որ «օտարերկրյա գործակալների» օրենքի քննադատների կարծիքով՝ դա կարող է ոչնչացնել Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու հույսերը․

«Խորհրդարանի շենքի մոտ հավաքված ցուցարարները ծածանում էին Վրաստանի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի դրոշները և օրենսդիր մարմնի քաղաքական գործիչների վրա վանկարկում էին. «Ո՛չ ռուսական օրենքին»: Շատ վրացիներ Ռուսաստանը համարում են թշնամի այն բանից հետո, երբ Մոսկվան աջակցեց Աբխազիայի և Հարավային Օսիայի շրջանների անջատողականներին»։

Deutsche Welle-n գրում է, որ չնայած Բրյուսելի ու Վաշինգտոնի քննադատությանը, Վրաստանի կառավարությունն աջակցում է «օտարերկրյա գործակալների» օրինագծին։

«Օրինագիծը լայնորեն դիտվում է որպես ռեպրեսիվ ռուսական օրենքի իմիտացիա, որը թույլ է տալիս Կրեմլին ոչնչացնել իր ընդդիմախոսներին։   Վրաստանի կառավարության հրապարակած հակաարևմտյան նարատիվները և Ուկրաինա ներխուժելուց հետո Ռուսաստանի դեմ միջազգային պատժամիջոցներին միանալուց հրաժարվելը տպավորություն են ստեղծում, թե Վրաստանը թեքվում է դեպի Ռուսաստանի ուղեծիր»,- գրում է գերմանական հրատարակությունը։