Մոսկվան արգելափակում է վրացական պարբերականի աշխատանքը

Վրաստանում գործող accentnews.ge լրատվական գործակալությունը Ռուսաստանի պետական դաշտը վերահսկող «Ռոսկոմնադզորից» ծանուցում է ստացել «տեղեկատվության տարածման կանոնների խախտման մասին», որը, ինչպես նշված է կից պարզաբանման մեջ, հիմնված է Ռուսաստանի գլխավոր դատախազության որոշման վրա։

«Ռոսկոմնադզորը» պահանջում է հերքել կամ հեռացնել ոչ համապատասխան տեղեկությունը. խոսքը վերաբերում է ծնունդով ուկրաինացի ռեժիսոր, պրոդյուսեր Ալեքսանդր Ռոդնյանսկու մասին ռուսալեզու հոդվածին։ Accentnews-ի փոխանցմաբ, Ռոդնյանսկին, որ հանդիսանում է ռուսական խոշորագույն կինոփառատոններից մեկի՝ «Կինոտավր»-ի նախագահը չեղարկել է կինոփառատոնն «ագրեսիվ պատերազմի» պատճառով, ինչն էլ Ռուսաստանում դժգոհություններ է առաջացրել: 

Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն համապատասխան գերատեսչություններից պահանջել էր «մշակութային օրակարգից բացառել» Ալեքսանդր Ռոդնյանսկուն, ով Ուկրաինա ներխուժման հենց սկզբից դեմ է արտահայտվել ռուսական իշխանությունների գործողություններին։

Ի պատասխան ծանուցմանը՝ Վրաստանի դեմոկրատական ​​նախաձեռնության ղեկավար Էդուարդ Մարիկաշվիլին ընդգծում է, որ ռուսական կողմի պահանջը լիովին զուրկ է օրինական ուժից, նշելով, որ Վրաստանում ոչ ոք պարտավոր չէ ենթարկվել նման պահանջի։

Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո Ռուսաստանի Պետդուման օրենք է ընդունել քրեական և վարչական պատասխանատվության մասին՝ երկրից դուրս ռուսական զինված ուժերի մասին «կեղծ տեղեկություններ» տարածելու համար։ 

«Ռոսկոմնադզորը» լրատվամիջոցներին պարտավորեցրել է կիսվել միայն ՌԴ ՊՆ-ի տրամադրած տեղեկատվությամբ։ Նա նաև արգելել է օգտագործել «պատերազմ» բառը՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական գործողությունները նկարագրելիս։