Նախկին առաջնորդները պահանջում են Սաակաշվիլիին տեղափոխել արտերկիր

Վրաստանի չորրորդ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, Վրաստանի և այլ պետությունների քաղաքական նախկին առաջնորդները համատեղ հայտարարություն են տարածել՝ պահանջելով Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիին տեղափոխել արևմտյան բժշկական հաստատություն։

Հայտարարությունը ստորագրողները Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը մեղադրում են Սաակաշվիլիի առողջական վիճակի կտրուկ վատթարացման և ծանր մետաղներով հնարավոր թունավորման համար։ Հենվելով Վրաստանի հանրային պաշտպանի տեղեկությունների և ամերիկյան բժշկական փորձագետների անկախ խմբի տված գնահատականների վրա` հայտարարության հեղինակները նշել են, որ Սաակաշվիլիի կյանքը չի կարող Վրաստանում անվտանգ լինել, իսկ առկա վիճակը կավարտվի երրորդ նախագահի «անմարդկային մահով»։

«Վրացական բանտախցում անմարդկային վերաբերմունքի պատճառով նախագահ Սաակաշվիլիի մահը շատ վնասակար ներքին և արտաքին քաղաքական հետևանքներ կբերի Վրաստանին և երկրում կխորացնի բևեռացումը: Մենք չենք կարող նման ճակատագրական վերջաբան հանդուրժել։ Մենք չենք կարող լուռ հետևել, թե ինչպես է նախագահ Սաակաշվիլին մահանում բանտում։ Նա պետք է անհապաղ ուղարկվի արտերկիր բուժման»,- ասված է հայտարարության մեջ։

Հայտարարությունը տարածվել է անգլալեզու PR Newswire մարքեթինգային էջում, որը նրան տրամադրել է Սաակաշվիլիի մոր՝ Գիուլի Ալասանիայի վարձած GlobalPoint International խորհրդատվական ընկերությունը։ Ըստ PR Newswire-ի՝ հայտարարությունը ստորագրել է ավելի քան 150 մարդ (հրապարակված է 30-ը):

ՄԱՇ-ը Սաակաշվիլիին բուժման ուղարկելու պահանջով անժամկետ ցույցեր կկազմակերպի