Ներկայացում Թբիլիսիում՝ Փարաջանովի հանրահայտ ֆիլմի մոտիվներով

Թբիլիսիի Ռուսթավելիի անվան թատրոնում մարտի 18-ին կայացավ «Նռան գույնը» խորեոգրաֆիկ ներկայացումը` նվիրված թբիլիսահայ լեգենդար կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 100–ամյակին։ Ներկայացումը կազմակերպվել էր Վրաստանում Հայաստանի և Ֆրանսիայի դեսպանությունների, Վրաստանի ֆրանսիական ինստիտուտի և TBC բանկի աջակցությամբ։

Ռուսթավելիի անվան թատրոնի դահլիճը լեփ-լեցուն էր։ Փարաջանովի հայտնի ֆիլմի մոտիվներով ցուցադրվեցին պարային ներկայացումներ։ Նախքան ներկայացման մեկնարկը ելույթով հանդես եկավ Վրաստանում Ֆրանսիայի դեսպան Շերազ Գասրին։ Նրա ելույթին հաջորդեց Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանի ելույթը. նա նույնպես կարևորեց Փարաջանովին նվիրված միջոցառումը Վրաստանում անցկացնելու հնարավորությունը, քանի որ, ինչպես նշեց դեսպանը՝ Փարաջանովը, լինելով իսկական թբիլիսցի, իր ստեղծագործություններում կրել է այդ գեղեցիկ քաղաքի հետքը։

Այնուհետև շնորհակալական խոսքով հանդես եկավ TBC բանկի գլխավոր տնօրենի տեղակալ Գիորգի Թխելիձեն;

Ներկայացման գեղարվեստական ղեկավարն է ֆրանսիացի պարող և պարուսույց Մուրադ Մերզուկը, իսկ բուն մտահղացման հեղինակը ֆրանսիական «Saté-âtre» թատերական ընկերության տնօրեն Սաթե Խաչատրյանն է։

«Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում Ֆրանսիայի դեսպանը նշեց, որ Ֆրանսիայի դեսպանության համար շատ կարևոր իրադարձություն է դա, քանի որ հանդիսատեսի դատին է հանձնվել Ֆրանսիացի խորեոգրաֆի աշխատանքը։

«Այսօրվա ներկայացումը ավանդականն ու ժամանակակիցը, արևելյան մշակույթն ու արևմտյան մշակույթը միավորելու մասին է։ Եվ այս ներկայացումը ցուցադրելու համար պատահական ժամանակ չի ընտրվել, քանի որ հիմա ֆրանկոֆոնիայի շաբաթն է, որի շրջանակներում մենք ոչ միայն ներկայացնում ենք ֆրանսերենը, այլև բազմազանությունը, հանդուրժողականությունը, որն էլ հենց մեր այսօրվա ներկայացման մասին է, այն մասին թե ինչպես են միմյանց կապվում Ֆրանսիան, Վրաստանն ու Հայաստանը», — նշեց Գասրին։

Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հատկապես կարևորեց Փարաջանովի ունեցած ավանդը Հայաստանի, Վրաստանի, ինչպես նաև Ուկրաինայի և Մոլդովայի մշակույթներում։

«Այս տարի Սերգեյ Փարաջանովի 100-ամյակն է, ուստի բոլոր մարդկանց, բոլոր արվեստասերների պարտքն է նշել այս կարևոր հոբելյանը։ Այս տարի արդեն ունեցել ենք այլ միջոցառում` կապված այս կարևոր օրվա հետ. հունվարի 9-ին Փարաջանովի ծննդյան օրը նշվեց Թբիլիսիի սակրեբուլոյում, նաև ունեցանք միջոցառում Վրաստանի ազգային պատկերասրահում», — նշեց դեսպանը` ընդգծելով, որ այս ներկայացումը կլինի կարևորագույն միջոցառումներից մեկը` նվիրված մեծանուն կինոռեժիսորին, քանի որ սա, այսպես ասած, եռակողմ միջոցառում է, կազմակերպված Հայաստանի և Ֆրանսիայի դեսպանության ու Վրաստանի մշակութային գործիչների կողմից։

Դեսպանը նաև նշեց, որ պատահական չէ նաև ներկայացման վայրը, քանի որ Ռուսթավելիի անվան թատրոնը մեծ մշակութային դեր ունի Թբիլիսիի համար, և թբիլիսահայ հանդիսատեսի համար այս ներկայացումը բազմաթիվ առումներով յուրօրինակ է։

«Նռան գույնը» Սերգեյ Փարաջանովի նշանավոր ֆիլմերից է, ստեղծվել է 1968 թվականին, նվիրված է Սայաթ-Նովային։

Գրաքննության ճնշման տակ Փարաջանովն ստիպված էր լրիվ վերամոնտաժել և փոխել ֆիլմի անունը։ Տարբերակը, որը ցուցադրվել է էկրաններին, ռեժիսոր Սերգեյ Յուտկևիչի իրականացրած ևս մի վերամոնտաժի արդյունքն է։

20-րդ դարի խոշորագույն հայ կինոռեժիսորը ծնվել ու ստեղծագործել է Թբիլիսիում: Երգեցողություն և նկարչություն սովորելուց հետո 1946 թվականին ընդունվել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտ:

Կյանքի վերջին տարիներին Փարաջանովը նկարում էր ինքնակենսագրական «Խոստովանանք» ֆիլմը, որը, սակայն, անավարտ մնաց: Նա կյանքից հեռացավ՝ չհասցնելով իրականություն դարձնել իր բազմաթիվ մտահղացումներ:

Նկարահանվել է Փարաջանովին նվիրված շուրջ 20 ֆիլմ: 1991 թվականից Երևանում գործում է Փարաջանովի թանգարանը, որտեղ ցուցադրված են նրա գծանկարները, կոլաժները, մանրանկարները և Թբիլիսիի բնակարանից տեղափոխած կահ-կարասին:

Փարաջանովի կիսանդրին տեղադրված է Կիևի կինոստուդիայի տարածքում, արձանը՝ Թբիլիսիում:

Հայկական «Ոսկե ծիրան» կինոփառատոնը 2005 թվականին սահմանել է Փարաջանովի անվան մրցանակ՝ «Փարաջանովյան Թալեր»:

Փարաջանովի մասին ավելին կարդացեք այստեղ: