ՆԳ նախարարը ծանոթացել է Բորջոմիի հրդեհաշիջման աշխատանքների ընթացքին

Վրաստանի ներքին գործերի նախարար (ՆԳՆ) Վախթանգ Գոմելաուրին ժամանել է Բորջոմիի մունիցիպալիտետ և անձամբ զննել այն տարածքը, որտեղ տարածվել է հրդեհը, հայտնում է ՆԳՆ ֆեյսբուքյան էջը:

Գոմելաուրին օպերատիվ կառավարման շտաբում մասնակցել է աշխատանքային խորհրդակցությանը, որտեղ մանրամասն ծանոթացել է տեղում տիրող իրավիճակին և հրդեհի տեղայնացման-լուծարման աշխատանքների արդյունքներին։

«Բորջոմիի մունիցիպալիտետում հրդեհների մարման շարունակական աշխատանքներին ակտիվորեն մասնակցում են ներքին գործերի նախարարության, պաշտպանության նախարարության, տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության տարբեր գերատեսչությունների աշխատակիցները, նաև շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարության համապատասխան ծառայությունների աշխատակիցները»,- ասված է տարածած հաղորդագրության մեջ:

Երեկ Թուրքիայի 3 մասնագիտացված հրդեհաշիջման ինքնաթիռներ, Վրաստանի սահմանային ոստիկանության ուղղաթիռների հետ, միջազգային օգնության շրջանակներում մասնակցել են հրդեհի տեղայնացման և մարման աշխատանքներին։ Հրդեհաշիջման և կանխարգելիչ միջոցառումներին երեկ առավոտից ներգրավվել է նաև երկաթուղու վարչության հրշեջ մեքենան։

Հրդեհի տարածումը կանխելու և տեղի բնակչության անվտանգության ապահովման նպատակով իրականացվում են բոլոր համապատասխան միջոցառումները բնակեցված տարածքների և ռազմավարական նշանակության օբյեկտների ուղղությամբ։ Կազմակերպվում են հատուկ խրամատներ, հնարավորինս մոբիլիզացվում են բոլոր տեսակի հրշեջ-փրկարարական մեքենաները, անօդաչու սարքերի միջոցով իրականացվում է կրակի շարունակական դիտարկում։

Հիշեցնենք, որ արդեն 6-րդ օրն է Բորջոմիի մունիցիպալիտետում շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները: