Նոր գրասենյակը կհամախմբի ընդդիմադիր կարծիքները. Մելիա

Վրաստանի ամենաազդեցիկ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության հայտարարությանը, որը բացասական է գնահատում ՄԱՇ-ի նախկին նախագահ Նիկա Մելիայի նոր քաղաքական գրասենյակի բացումը, արժանացել է հենեց Մելիայի ուշադրությանը:

Ըստ Մելիայի` նոր գրասենյակի բացման նպատակը ընդդիմադիր կարծիքների համախմբումն է։

«Ինձ զարմացրեց գրասենյակի բացման կապակցությամբ նոր ղեկավարության արձագանքը։ Գրասենյակը բացվել է այն դաժան մարտահրավերներին դիմակայելու նպատակով, որոնք օրակարգ մտան ոչ թե կուսակցության նախագահի ընտրությունից հետո, այլ կուսակցությունը գործնականում երկու մասի բաժանած անասելի անարդար համագումարից հետո»,- ասել է Մելիան:

ՄԱՇ-ի նախկին ղեկավարը նշել է՝ ուժը միապաղաղության մեջ չէ, տարբերությունների միասնության մեջ է։

Ի դեպ, ՄԱՇ-ն ապրիլի 15-ին արձագանքել է Թբիլիսիում Մելիայի քաղաքական գրասենյակի բացմանը։ Ըստ ընդդիմադիր կուսակցության հայտարարության, յուրաքանչյուր ոք ունի անկախ կուսակցություն ստեղծելու իրավունք, սակայն անընդունելի են ՄԱՇ-ի անունից՝ նույն կուսակցության վրա հարձակումները: ՄԱՇ-ը հիշեցրել է, որ կուսակցությունը մի քանի գրասենյակ ունի Թբիլիսիում, այդ թվում՝ կենտրոնական թաղամասերում։

Հիշեցնենք՝ հունվարի 30-ին կայացած ներկուսակցական ընտրություններում ՄԱՇ նախագահ դարձավ Լևան Խաբեիշվիլին, որը հաղթեց գործող նախագահ Նիկա Մելիային, իսկ Խաբեիշվիլիի հաղթանակից հետո մի շարք քաղաքական գործիչներ լքեցին կուսակցության քաղխորհուրդը։