Օդապարիկը բախվել է էլեկտրահաղորդման գծին. կա 3 զոհ

Լուսանկարը՝ netgazeti.ge-ից

Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Թեթրիծկղարոյի մունիցիպալիտետի Ասուրեթի գյուղում օդապարիկը բախվել է բարձր լարման էլեկտրահաղորդման լարերին. բախման հետևանքով զոհվել են իշխանամետ «Իմեդի» հեռուստաընկերության օպերատորը և երկու օդաչուները։

«Իմեդի» հեռուստաընկերությունը հաստատում է աշխատակցի՝ Միշո Բիձինաշվիլիի մահվան մասին տեղեկությունը։ Երկու մահացած օդաչուներից մեկը, հավանաբար, օտար երկրի քաղաքացի է։ Դեպքի հետևանքով զոհվել են նաև Վրաստանի օդագնացության ֆեդերացիայի նախագահ և Sky Travel Group-ի հիմնադիր Ռևազ Ութուրգաուրին և լեհ օդաչու Կշիշտոփ Զապարտին։ Գործընկերներն իրենց ցավակցությունն են հայտնել զոհված օդաչուների մահվան կապակցությամբ։

Օդապարիկն այսօր՝ փետրվարի 7-ին, օդ է բարձրացել Փոթիից, 400 կիլոմետրանոց երթուղին պետք է ավարտվեր Կախեթիում՝ վրաց-ադրբեջանական սահմանի մոտ։ Թռիչքը նախապատրաստական, փորձնական բնույթի է եղել, որից հետո օդաչուները պետք է փորձեին համաշխարհային ռեկորդ սահմանել՝ օդապարիկով հաղթահարելով ամենաերկար տարածությունը։

Վրաստանի ներքին գործերի նախարարությունն օդապարիկի վթարի փաստով հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 275 հոդվածով (օդային սարքերի անվտանգության կանոնների խախտում)։