Երեկվա օրը համառոտ. փետրվարի 7

Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) նախաձեռնությամբ հոկտեմբերի 17-18-ը տեղի կունենա «Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը և նրա դերը հայության կրթական կյանքում» խորագրով միջազգային գիտաժողով՝ նվիրված Ներսիսյան դպրոցի հիմնադրման 200-ամյակին:

Ցորենի արտադրանքով զբաղվող ֆերմերների ասոցիացիան պահանջում է երկարաձգել ներկրվող ալյուրի ներմուծման հարկը, իսկ ալյուր ներկրող ընկերություններից մի քանիսը կարծում են, որ այս ամենը միայն ցորեն ներկրողների համար ջերմոցային պայմաններ ստեղծելու նպատակ է հետապնդում։

Համացանցի արագության համաշխարհային ինդեքսի (Speedtest by Ookla Global Index) տվյալներով, տարածաշրջանում ֆիքսված ինտերնետի ամենացածր արագությունը Վրաստանն ունի: Վրաստանի դիրքերը վատթարացել են երկու հորիզոնականով. ֆիքսված ինտերնետի 26,60 Մբիթ/վ արագությամբ Վրաստանը 178 երկրների մեջ զբաղեցրել է 129-րդ տեղը։

«Միասնության հարթակ՝ Եվրոպայի համար». այսպես է կոչվում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի նոր նախաձեռնությունը, որի մասին նա հայտարարեց երեկ՝ փետրվարի 6-ին խորհրդարանում, և բոլոր շահագրգիռ կողմերին քաղաքական սպեկտրից և քաղաքացիական հասարակությունից՝ հրավիրեց մասնակցելու նախաձեռնությանը։ Հոդվածն ամբողջությամբ՝ այստեղ:

Թբիլիսիի Սամեբայի տաճարում (Սուրբ Երրորդության)՝ Սուրբ Մատրոնայի սրբապատկերի վրա ներկ լցնելու համար 5-օրյա վարչական կալանքի դատապարտված ակտիվիստ Նատա Փերաձեն ազատ է արձակվել։