Վրաստանի ԵՄ թեկնածուի կարգավիճակը փոխել է իրականությունը Հարավային Կովկասում. Փաշինյան

Մեր տարածաշրջանում (Հարավային Կովկասում- խմբ.) շատ էական իրողություններ են փոխվել, և դրանցից մեկը Վրաստանի Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակ ստանալն է, փետրվարի 7-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանն այսպես է պատասխանել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանի հարցին, թե արդյո՞ք Վրաստանի հետ օրեր առաջ կնքված ռազմավարական գործընկերության հաստատման մասին հռչակագիրը Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական հարաբերությունների նոր փուլի մեկնարկ կարող է դառնալ:

Փաշինյանի խոսքով, ստացվում է, որ Հայաստանի հարևան երկրներից երկուսը (Վրաստանը և Թուրքիան- խմբ.) ունեն Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակ:

«Եթե այն ժամանակ ասում էինք` Եվրամիությունն ո՜ւր, մեր տարածաշրջանն ուր, հիմա Եվրամիությունը փաստացի մեր տարածաշրջանն է. այդ առումով շատ կարևորում եմ Վրաստանի հետ ռազմավարական երկխոսության մեկնարկը։

Ինչ վերաբերում է հայ-վրացական ռազմավարական գործընկերության հռչակագրին, կարող եմ ասել, որ այնտեղ, ըստ էության, նախատեսված են բոլոր ուղղությունները, և սա արտահայտել է 2 երկրների կառավարությունների կամքը՝ այդ ողջ օրակարգով գնալ առաջ»,- ասել է ՀՀ վարչապետը:

Նշենք, որ հունվարի 26-27-ին Թբիլիսիում անցկացվել է Վրաստանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստը, որի շրջանակներում ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը ժամանել էր Վրաստան: Այցի շրջանակում Վրաստանը Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագիր է ստորագրել։