Օմբուդսմենը Բերձենիշվիլիի վրա հարձակումն անընդունելի է համարում

Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանին հայտարարություն է տարածել, ըստ որի` գրող Լևան Բերձենիշվիլիի վրա հարձակումը կտրականապես անընդունելի է։

Իոսելիանին ընդգծել է, որ ժողովրդավարությունը ենթադրում է տարբեր կարծիքներ ունեցող մարդկանց խաղաղ համակեցություն:

«Եթե մեր կյանք տեղափոխենք այն ագրեսիան, որ այսօր կա սոցցանցում տարբեր կարծիքների մարդկանց միջև, ապա անպայման կստանանք քաղաքացիական առճակատում, որը մեր հայրենիքը մեկ անգամ արդեն ապրել է, և որի հետևանքները մենք այսօր էլ դառնորեն քաղում ենք»,- ասել է Իոսելիանին։

Օմբուդսմենն իրավապահներին կոչ է արել անհապաղ և արդյունավետ արձագանքել ու հնարավոր բռնության դեպքում ձեռնարկել օրենքով նախատեսված բոլոր միջոցները։

Հիշեցնենք. Թբիլիսիի Ճավճավաձեի պողոտայում հարձակվել են գրող Լևան Բերձենիշվիլիի վրա։