Պատվաստումը խթանելու ծրագրերը Վրաստանում

Կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի այս պահին ամենաարդյունավետ միջոց համարվող պատվաստումը խթանելու նպատակով Վրաստանի կառավարությունը տարբեր ծրագրեր է առաջարկում։

Այդպիսի ծրագրերից առաջինը «Պատվաստվիր և հաղթիր» խաղարկությունն էԱյն ուժի մեջ մտավ դեռևս սեպտեմբերից։ Վիճակախաղում ամեն օր խաղարկվում է 100-500 լարի (մոտ 30-160 դոլար), ամեն շաբաթ՝ 1 000 (մոտ 320 դոլար), 5 000 (մոտ 1600 դոլար) և 10 000 լարի (մոտ 3200 դոլար), իսկ տարեվերջին՝ 100 000 լարի (մոտ 32 000 դոլար)՝ վերջնական խաղարկության համար: Այս նախագիծը սկզբում մեծ արձագանք ունեցավ, սակայն ըստ վիճակագրական տվյալների՝ կարճ ժամանակ անց դրա նկատմամբ հետաքրքրությունն էլ մարեց։

Հաջորդ մշակված նախագիծը պատվաստումների մարաթոնն էր։ Այս ծրագրի շրջանակներում հոկտեմբերի երկրորդ կեսից քաղաքացիները հնարավորություն ստացան COVID-19-ի դեմ պատվաստանյութը ստանալ հատուկ նշանակված շարժական բժշկական կետերում՝ առանց գյուղից հեռանալու և առանց նախնական գրանցման: Ի դեպ՝ մարաթոնի շրջանակներում Կախեթիում պատվաստվել էին նաև 1 հղի կին և 100 տարեկան անձ։

Սակայն Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեն ընդամենը երկու օր անց հայտարարեց, որ և՛ խաղարկությունը, և՛ մարաթոնը այնքան էլ արդյունավետ չէին․

«Պատվաստումների խրախուսման նպատակով իրականացված վիճակախաղը որոշ ժամանակ աշխատեց, սակայն դրա նկատմամբ էլ հետաքրքրությունը կարծես մարել է։ Ցավով պետք է արձանագրեմ, որ անգամ պատվաստումների խթանման արշավն էլ այնքան արդյունավետ չեղավ»։

Այնուհետև մշակվեց նոր միջոց՝ պատվաստված թոշակառուներին հատկացնել 200 լարիի (64 դոլար) միանվագ աջակցություն։ Կորոնավիրուսի դեմ պայքարի միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշմամբ՝ ծրագիրը պիտի գործի մինչև 2022 թվականի հունվարի 1-ը։ Ըստ վիճակագրական տվյալների՝ վերոնշյալը նախագիծը դրական ցուցանիշ է գրանցել։ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ  նոյեմբերի 7-ից ավելի քան 100%-ով ավելացել է պատվաստման դիմողների թիվը՝ գրեթե բոլոր շրջաններում։

Նշենք, որ նոյեմբերի 20-ի դրությամբ երկրի ամբողջ մասշտաբով իրականացվել է 2 090 036 պատվաստում։ Իսկ ամբողջությամբ պատվաստվածների թիվը կազմում է 978 208։

Տաթև Խոցանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր