Պետական սեփականություն դարձած ապրանքների ներկրումն ազատվում է ակցիզից

Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ հաստատել է «Վրացական երազանք»-ի ներկայացրած օրինագիծը, որի համաձայն՝ պետական սեփականություն դարձած ապրանքների, այդ թվում՝ թեթև մարդատար ավտոմեքենաների ներկրումն ազատվում է ակցիզային հարկից։

«Հարկային օրենսգրքում» նախատեսվող փոփոխություններն ընդունվել են միաձայն՝ 72 կողմ ձայնով։

Գործող հարկային օրենսդրությամբ՝ պետական սեփականություն դարձած գույքի ներկրումն ազատված է ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ) և ներմուծման մաքսատուրքից, սակայն համանման արտոնությունը չէր տարածվում ակցիզային հարկի վրա։

Նախաձեռնողների պարզաբանմամբ՝ սա զգալի գործնական և համակարգային խնդիրներ է առաջացնում ակցիզային ապրանքների, այդ թվում՝ թեթև մարդատար ավտոմեքենաների դեպքում։

«Չնայած այն հանգամանքին, որ գույքն արդեն պետության սեփականությունն է, դրա ներկրման ժամանակ պետության վրա դրվում է ակցիզային հարկ վճարելու պարտավորություն։

Այս ամենից ելնելով՝ խախտվում են հարկային համակարգի հետևողականությունն ու չեզոքությունը. պետությունը ստիպված է լինում սեփական ակտիվի նկատմամբ լրացուցիչ հարկային պարտավորություն կատարել, ինչը տնտեսական բովանդակություն չունի և պահանջում է հավելյալ ֆինանսական ու վարչական ռեսուրսների մոբիլիզացում»,- նշված է օրինագծի բացատրագրում։