Փոթիի քաղաքապետի թեկնածուն վարակվել է կորոնավիրուսով

Փոթիի քաղաքապետի թեկնածու, ընդդիմադիր «Միացյալ Ազգային շարժում» կուսակցության անդամ Գիգի Ուգուլավայի մոտ հաստատվել է կորոնավիրուս։ Այդ մասին հայտնել է անձամբ Ուգուլավան։

Ֆեյսբուքյան իր էջում Ուգուլավան գրել է, որ պատվաստված է և այս պահին իրեն լավ է զգում: Ինչ վերաբերում է ընտրությունների երկրորդ փուլին, ապա Ուգուլավան նախատեսում է նախընտրական քարոզարշավը շարունակել առցանց:

«Ինձ մոտ հաստատվեց քովիդ: Սա շատ անհարմար պահ էր, սակայն լավ եմ, նաև պատվաստված եմ: Մինչև ապաքինվելս առցանց մասնակցելու եմ քարոզարշավին: Հուսով եմ՝ 10 օրից ոտքի կկանգնեմ: Ոչ մի օր չպետք է կորցնել: Հաղթանակը մոտ է: Մի’ անհանգստացեք ինձ համար», — գրել է Ուգուլավան:

Գիգի Ուգուլավան, Փոթիում մասնակցելով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, առաջին փուլում ստացել է ձայների 38,09% -ը: Երկրորդ փուլում նրա մրցակիցը կլինի իշխող «Վրացական երազանքի» թեկնածու Բեկա Վաչարաձեն, որն առաջին փուլում հավաքել է 46,86%: