Փոխնակ մայրությունն առևտրի է վերածվել. փոխնախարար

Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի խոսքով, Վրաստանում բժշկության օգնությամբ վերարտադրողականության (փոխնակ մայրություն) բուռն զարգացման ֆոնին` որոշակի ռիսկեր ներառող այս ոլորտը չի ունեցել համապատասխան կարգավորումներ։

Ըստ փոխնախարարի՝ այս ծառայությունը կիրառման վաղ փուլերից դարձել է բժշկության մեջ ամենաառևտրայնացված ուղղությունը, ինչը հղի է մարդու իրավունքների ոտնահարման, նրա որոշման վրա ազդելու և այլ ռիսկերով։

Գաբունիան նշել է՝ Վրաստանում բժշկության միջոցով վերարտադրումը գրավիչ երկիր է դարձել օտարերկրյա քաղաքացիների համար, ի թիվս այլ գործոնների` նաև կանոնակարգերի բացակայության պատճառով, մինչդեռ եվրոպական շատ երկրներ ընդհանրապես արգելում են փոխնակ մայրությունը։

«Կանոնակարգերի բացակայության պայմաններում շատ մեծ ռիսկեր կան թե՛ էթիկական, թե՛ իրավական, թե՛ բժշկական ծառայությունների որակի առումով։ Այսօր սոցցանցերում բազմաթիվ գրառումներ ենք տեսնում, որ փոխնակ ծառայությունների համար վճարելու են, օրինակ, 25 հազար դոլար։

Համապատասխան ծառայություն մատուցելու համար հաստատությունները կենթարկվեն լիցենզավորման։ Կկարգավորվեն նաև կլինիկական խնդիրները։ Գովազդը խստիվ կարգելվի, նախարարությունը կստանձնի կենտրոնական համակարգող մարմնի գործառույթ, որ բժշկական աջակցությամբ վերարտադրողական ծառայությունների մասին տեղեկատվությունը տարածի նախարարությունը»,- նշել է փոխնախարարը:

Առողջապահության փոխնախարարի խոսքով, երբ օտարերկրյա քաղաքացիների կողմից բժշկական աջակցությամբ վերարտադրվելու միջոցով ծնված երեխան լքում է Վրաստանը, երկիրն այլևս չի կարող պատասխանատվություն կրել նրա համար, ինչը կարող է հեղինակության որոշակի վտանգ ներկայացնել միջազգային մակարդակով։

Ըստ փոխնախարարի՝ ծառայության սև շուկա տեղափոխվելու ռիսկը պետք է վերահսկվի այնպես, ինչպես դա անում են եվրոպական երկրները:

Փոխնակ մայրությունը կթույլատրվի միայն Վրաստանի քաղաքացիներին