ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը հաստատել է «Շերեմետևո»-ում ՀՀ քաղաքացու մահվան դեպքը

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատունը հաստատել է Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի թռիչքուղու վրա ՀՀ քաղաքացու մահվան մասին տեղեկատվությունը, միջադեպի վերաբերյալ հայտարարությունը հրապարակվել է ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան պաշտոնական էջում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ինտերֆաքս» գործակալությունը հայտնել էր, որ Մոսկվայում, «Շերեմետևո» օդանավակայանի թռիչքուղու վրա մահացել է մի երիտասարդ տղամարդ:

Ինչպես գրում է մամուլը, տղամարդուն Մոսկվա են բերել Իսպանիայից, որտեղից նրան պետք է արտաքսեին Հայաստան: Մադրիդից Մոսկվա թռիչքի ժամանակ նա իրեն ոչ ադեկվատ է դրսևորել, ինչի հետևանքով անհրաժեշտ է եղել օդանավակայան կանչել ոստիկանների:

Ավելի ուշ, տղամարդու դին հայտնաբերել են «Շերեմետևո» օդանավակայանի թռիչքուղու վրա:

Գործակալության փոխանցմամբ՝ Մոսկվայից Աթենք մեկնող օդանավի անձնակազմը հայտնել է, որ թռիչքուղով շարժման ժամանակ ինքնաթիռն, ամենայն հավանականությամբ, բախվել է ինչ-որ կենդանու: Սակայն որոշում է կայացվել չընդհատել թռիչքը, քանի որ ազդանշանային համակարգերը որևէ խափանում չեն արձանագրել:

Թռիչքուղի են ուղարկվել օդանավակայանի անվտանգության աշխատակիցները, որոնք հայտնաբերել են տղամարդու դի: Հետաքննություն է իրականացվում՝ պարզելու, թե ինչպես է նա հայտնվել թռիչքուղու վրա: