Ռուսաստանը Վրաստանին գործարք է առաջարկում սատանայի հետ. Նիկոլենկո

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Օլեգ Նիկոլենկոն ֆեսյբուքյան իր էջում, արձագանքելով Ռուսաստանի կողմից վիզային ռեժիմի չեղարկմանն ու օդահաղորդակցության վերականգնմանը, գրել է՝ 2008-ին ռուսական ինքնաթիռները թռչում էին Վրաստան՝ ռմբակոծելու խաղաղ բնակիչներին, այժմ նրանք ծրագրում են ռմբակոծել վրացիների եվրոպական ապագան։

Ըստ Նիկոլենկոյի՝ Ուկրաինան Վլադիմիր Պուտինի որոշումը համարում է քաղաքական փոխհատուցում Վրաստանի ներկայիս իշխանությանը։

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում Վրաստանի կառավարությանը Ռուսաստանի նկատմամբ իր քաղաքականությունը սինխրոնիզացնել Եվրամիության հետ և զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք ժխտում են Վրաստանի ապագա եվրոպական առաջընթացը։

«Ռուսաստանը Վրաստանին առաջարկում է գործարք սատանայի հետ, իսկ սատանայի հետ գործարքում, ինչպես հայտնի է, հաղթում է սատանան։

Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմ մտցնելու և օդային հաղորդակցությունը վերականգնելու Վլադիմիր Պուտինի որոշումը մենք համարում ենք քաղաքական փոխհատուցում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելուց Վրաստանի ներկայիս կառավարության մերժման և եվրաինտեգրման կասեցման համար։

Մոսկվայի հետ Թբիլիսիի հարաբերությունների կարգավորման ընթացքը տեղի է ունենում Վրաստանի տարածքի 20 տոկոսի օկուպացիայի, սողացող «սահմանագծման», Վրաստանի քաղաքացիների առևանգման, օկուպացված տարածքներում մարդու իրավունքների և ազատությունների ոտնահարման և Վրաստանը ռուսներով լցնելու ֆոնին։ Կրեմլը զիջումներ է անում՝ պատասխանատվություն չկրելով վրաց ժողովրդին պատճառված աղետի համար»,- գրել է Նիկոլենկոն։

Նրա խոսքով, Ռուսաստանը շահագրգռված չէ Վրաստանի՝ Եվրամիություն և ՆԱՏՕ տեղափոխությամբ, բարգավաճմամբ ու զարգացմամբ։ Մոսկվայի նպատակն է ստեղծել այնպիսի պայմաններ, որոնցում առաջընթացն անհնարին կլինի։ Դա ապացուցեց Բելառուսի փորձը, որի ինքնիշխանությունն ու անկախությունը կլանում էր Ռուսաստանի Դաշնությունը.

«Ինչպես և սպասվում էր, ագրեսորի քաղաքականությունը աջակցություն չի գտնում վրացի քաղաքական գործիչների և բնակիչների շրջանում, որոնք բազմիցս հրապարակայնորեն արտահայտել են իրենց դիրքորոշումը, այդ թվում՝ բողոքի ցույցերի միջոցով։

Այս համատեքստում մենք լիակատար համերաշխություն և աջակցություն ենք հայտնում վրացիներին՝ իրենց միջազգայնորեն ճանաչված սահմաններում եվրոպական բարգավաճ պետություն կառուցելու օրինական ձգտումներում»:

Ի դեպ, մայիսի 10-ին հայտնի դարձավ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նոր հրամանագրով Ռուսաստանը հանել է 2019 թվականի հունիսի 20-ի իրադարձություններից հետո Վրաստան ուղիղ չվերթերի սահմանափակումը, նաև չեղարկել է Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը։

Ռուսաստանի այս որոշումը Թբիլիսիում միանշանակ չընդունվեց. իշխող կուսակցության առաջնորդները և կառավարության ներկայացուցիչները ողջունում են Պուտինի որոշումը, մինչդեռ ընդդիմությունը և մեծ թվով անկախ փորձագետներ կարծում են, որ Ռուսաստանը «պարգևատրեց» Վրաստանի կառավարությանը` ծավալած գործունեության համար։

Որոշ փորձագետներ կարծում են, որ Ռուսաստանի այս որոշումը սպառնալիք է Վրաստանի՝ Եվրամիությանն ինտեգրվելու համար և կխանգարի Վրաստանին դառնալ ԵՄ անդամության թեկնածու երկիր։

Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ռուսաստանի որոշումները սադրանք է անվանել և կառավարությանը կոչ է արել Ռուսաստանի քաղաքացիների համար եռամսյա վիզային ռեժիմ մտցնել։