Վարչապետը դրական է գնահատում Պուտինի որոշումը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Ռուսաստանի նախագահի՝ դեպի Վրաստան ուղիղ չվերթերը վերականգնելու և վիզային ռեժիմը չեղարկելու որոշումը դրական փաստ և դրական որոշում է համարում:

«Մենք Ռուսաստանում ունենք 1 միլիոն էթնիկ վրացի՝ մեր հայրենակիցները, և, իհարկե, շատ կարևոր է հեշտացնել նրանց տեղաշարժը, ճանապարհորդությունը, հարազատների ժամանումը և այլն։ Սա, իհարկե, դրական փաստ է և դրական որոշում»,- ասել է վարչապետը:

Իր հայտարարության մեջ վարչապետը հիշեցրել է 2008 թվականի օգոստոսյան պատերազմից հետո ստեղծված իրավիճակը և նշել, որ երրորդ նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի նախագահության օրոք՝ պատերազմից հետո Վրաստանը միակողմանիորեն հանել է վիզաները Ռուսաստանի քաղաքացիների համար։

Ի դեպ, մայիսի 10-ին հայտնի դարձավ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նոր հրամանագրով Ռուսաստանը հանել է 2019 թվականի հունիսի 20-ի իրադարձություններից հետո Վրաստան ուղիղ չվերթերի սահմանափակումը, նաև չեղարկել է Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը։

Ռուսաստանի այս որոշումը Թբիլիսիում միանշանակ չընդունվեց. իշխող կուսակցության առաջնորդները և կառավարության ներկայացուցիչները ողջունում են Պուտինի որոշումը, մինչդեռ ընդդիմությունը և մեծ թվով անկախ փորձագետներ կարծում են, որ Ռուսաստանը «պարգևատրեց» Վրաստանի կառավարությանը` ծավալած գործունեության համար։

Որոշ փորձագետներ կարծում են, որ Ռուսաստանի այս որոշումը սպառնալիք է Վրաստանի՝ Եվրամիությանն ինտեգրվելու համար և կխանգարի Վրաստանին դառնալ ԵՄ անդամության թեկնածու երկիր։

Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ռուսաստանի որոշումները սադրանք է անվանել և կառավարությանը կոչ է արել Ռուսաստանի քաղաքացիների համար եռամսյա վիզային ռեժիմ մտցնել։