Ռուսթավիում ի աջակցություն Սաակաշվիլիի ցույց է ընթանում

Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամներն ու համակիրները հավաքվել են Ռուսթավիի 12 -րդ քրեակատարողական հիմնարկի մոտ, որտեղ գտնվում է նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին:

Տարածքում արդեն տեղադրվել է բեմ, ցույցի մասնակիցները պատրաստվում են ելույթներով հանդես գալ: Ընդդիմադիր պատգամավոր Թակո Չարկվիանիի խոսքով, տեղում նախկին նախագահին աջակցում են նաև էմիգրանտները:

Ռուսթավիի ՔՀ-ի մոտ մոբիլիզացված են ՆԳՆ ներկայացուցիչներ:

Սաակաշվիլին արդեն դիմել է ցուցարարներին, իր համակիրներին ուղղված նախկին նախագահի նամակը ներկաների համար ընթերցել է ընդդիմադիր պատգամավոր Խաթիա Դեկանոիձեն:

«Շնորհակալ եմ, իմ քույրեր և եղբայրներ: Ես լսում եմ ձեր ձայնը բանտում, դա է ինձ ստիպում պայքարել, մենք դեպի հաղթանակ ենք շարժվում»,- իր նամակում ասել է Սաակաշվիլին:

Նշենք, Սաակաշվիլիին ձերբակալել են հոկտեմբերի 1-ին, Թբիլիսիում: Դրանից հետո սկսվել են ձերբակալություններ Սաակաշվիլիի անօրինական մուտքը երկիր կազմակերպողների, նրան մայրաքաղաքում տեղավորողների շրջանում։ Այսօր բերման է ենթարկվել նաև թբիլիսյան այն բնակարանի սեփականատերը, ում բնակարանում թաքնվել էր Սաակաշվիլին։

Լուսանկարը՝ interpressnews.ge