Սաակաշվիլիի դատավարությունը կրկին հետաձգվել է

Լուսանկարը՝ Mtavari arkhi-ի

Վրաստանի պետական ​​սահմանն ապօրինի հատելու մեջ մեղադրվող նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի դատավարությունը կրկին հետաձգվել է։ Այսօրվա նիստում, որը տեղի է ունեցել Թբիլիսիի քաղաքային դատարանում, դատավոր Նինո Չախնաշվիլին ընթերցել է քրեակատարողական հիմնարկից և «Վիվամեդի» կլինիկայի ներկայացրած հաշվետվությունը։

Կլինիկայի ուղարկած փաստաթղթում նշվում է, որ Միխեիլ Սաակաշվիլին իրեն թույլ է զգում, դժվար է տեղաշարժվում, հիմնականում պառկած է, ինչի պատճառով էլ դատավարությանը չի կարող ներկա գտնվել։

Հիշեցնենք, որ Միխեիլ Սաակաշվիլիի կողմից սահմանն ապօրինի հատելու գործի հետաքննությունը սկսվել է հոկտեմբերի 1-ին։ Նշված գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ևս 4 անձի՝ Էլգուջա Ցոմայային, Զուրաբ և Շալվա Ծոծորիներին և Գիորգի Նարիմանիձեին։