Սեմինարի ձախողումից հետո` դասախոսություն խորհրդարանի դիմաց

«Գիրչի — առավել ազատություն» կուսակցության առաջնորդ Զուրա Ջափարիձեի կողմից Բորջոմիում գտնվող երիտասարդական ճամբարի շրջանակներում անցկացվելիք դասախոսության ձախողումից հետո «Անհատական ​​ազատության ինստիտուտը» հանրային դասախոսություն է անցկացրել խորհրդարանի շենքի դիմաց։

Կազմակերպության փոխանցմամբ՝ նպատակն է բավարարել հանրության մեծ հետաքրքրությունը, որն առաջացել է Բորջոմիում իրենց սեմինարի ձախողումից հետո։

«Ճամբարի նկատմամբ աճող հետաքրքրության ֆոնին մենք որոշեցինք հնարավորություն տալ հանրությանը ներկա գտնվելու այս դասախոսությանը։

Խորհրդարանի դիմաց կանցկացնենք հրապարակային դասախոսությունը, որը փորձեցին խանգարել։ Հիմնականում խոսելու ենք խոսքի ազատության մասին»,- ասված էր միջոցառման հայտարարության մեջ։

Նշենք, որ հունիսի 17-ին տասնյակ ծայրահեղականների խումբը Վրաստանում հարձակվել է ընդդիմադիր կուսակցության առաջնորդի ու երիտասարդական ճամբարի մասնակիցների վրա:

Գորիի շրջանի հարակից տարածքում հարձակվել են ընդդիմադիր «Գիրչի — առավել ազատություն» կուսակցության առաջնորդ Զուրա Ջափարիձեի վրա ու ծեծի ենթարկել վերջինիս, ինչից հետո տասնյակ տղամարդկանց խումբը ներխուժել է Բորջոմիում գտնվող երիտասարդական ճամբար՝ Eco Hotel հյուրանոց, որտեղ պետք է ներկայանար ու դասախոսություն կարդար Ջափարիձեն: Վերջիններս հարձակվել են «Անհատական ազատության ինստիտուտի» ճամբարին մասնակցող երեխաների, անչափահասների վրա, քարեր ու ներկ նետել նրանց ուղղությամբ:

Ջափարիձեին ծեծի ենթարկելու մասին տեղեկությունը տարածել են կուսակցության անդամները՝ ֆեյսբուքյան հրապարակման միջոցով, որտեղ նշել են, որ մեքենայում գտնվող կուսակցության մնացած անդամներն այդ պահին եղել են խանութում, և այդ ընթացքում մեքենայում միայնակ մնացած Ջափարիձեի վրա են հարձակվել ու վնասվածք հասցրել աչքի հատվածում:

Տասնյակ ծայրահեղականներ հարձակվել են երիտասարդական ճամբարի մասնակիցների վրա