Սոցիալական նպաստառուների թիվը կրկին նվազել է

Օգոստոսի դրությամբ Վրաստանում սոցիալական նպաստ ստացողների թիվը նվազել է՝ հասնելով մոտ 570 հազարի։ Սոցիալական ծառայությունների գործակալության տվյալներով՝ հուլիսի համեմատ նպաստառուների թիվը նվազել է 6546-ով։ Սկսած հունվարից՝ նպաստ ստացողների ընդհանուր թիվը կրճատվել է գրեթե 140 հազարով։

Սոցիալական նպաստ ստացողների ընդհանուր թվից 153 հազար 258-ն ընդգրկված են զբաղվածության պետական ծրագրում, որը 2026 թվականից այլևս չի շարունակվել, սակայն նրանք, ում 4-ամյա ժամկետը դեռ չի ավարտվել, շարունակում են մնալ համակարգում։

Պետությունն ակտիվորեն սկսել է սոցիալապես անապահով ընտանիքների վերստուգման գործընթացը, և, ըստ վարչապետ Իրակլի Կոբախիձեի, մինչև տարեվերջ նախատեսվում է վերստուգել ևս 65 հազար ընտանիքի սոցիալական կարգավիճակը։ Կոբախիձեի տարեկան հաշվետվության համաձայն՝ այս տարի 22 հազար 707 ընտանիքի նպաստի հատկացումն արդեն դադարեցվել է։ Մասնավորապես, 5 ամսում պետությունը վերստուգել է ավելի քան 40 հազար ընտանիքի և կեսից ավելիին զրկել օգնությունից, ինչի շնորհիվ, վարչապետի խոսքով, տնտեսվել է մինչև 55 միլիոն լարի։

«Մինչև տարեվերջ նախատեսված է շուրջ 65 հազար ընտանիքի տվյալների վերանայում։ Եթե հիմնվենք առկա միտումների վրա, հավանաբար տարեվերջին տնտեսումը կկազմի 75 միլիոն լարի։ Սակայն, սրանից հետո ևս գործընթացը շարունակվելու է։ Այժմ ընտանիքներն ընտրվել են հստակ չափանիշներով, իսկ հաջորդ վերստուգումը պետք է ընդգրկի բոլոր ընտանիքներին»,- ասել է Կոբախիձեն։