Ստրասբուրգը Սաակաշվիլիի խնդրով լրացուցիչ տեղեկությունների է սպասում

Ապրիլի 11-ին Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբանները դիմել են Ստրասբուրգի դատարան՝ ժամանակավոր միջոց կիրառելու խնդրանքով:

Դատարանն ապրիլի 14-ին որոշել է հավելյալ տեղեկություններ ստանալ՝ նախքան պահանջի վերաբերյալ որևէ որոշում կայացնելը։

Ի դեպ, ապրիլի 11-ին երրորդ նախագահի մայրը՝ Գիուլի Ալասանիան, հայտնել էր, որ իրենք դիմել են Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Սաակաշվիլիի փաստաբանները գործի մանրամասների մասին չեն խոսում։

Ի դեպ, դատարանի կանոնակարգի 39-րդ հոդվածի համաձայն, դատարանն իրավասու է կիրառել պետության համար պարտադիր ժամանակավոր միջոցներ։ Մինչ հիմնական գործը քննելը, դատարանը ժամանակավոր միջոցի կիրառման պահանջը բավարարում է միայն հստակ սահմանված պայմաններում, երբ առկա է կոնվենցիայի լուրջ խախտման վտանգ։

Հիշեցնենք՝ Վրաստանի երրորդ նախագահը բանտում է գտնվում 2021 թվականի հոկտեմբերի 1-ից։ Դատարանը նրան ազատազրկման է դատապարտել պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու և Սանդրո Գիրգվլիանիի մահվան գործով դատապարտվածներին ներում շնորհելու համար։ Այս երկուսից բացի, ևս երեք գործ է հարուցվել Սաակաշվիլիի նկատմամբ։

Ձերբակալման առաջին օրը Սաակաշվիլին հացադուլ էր հայտարարել, որը դադարեցրել էր Գորիի կլինիկա տեղափոխվելուց հետո։ Հարազատների ու փաստաբանների խոսքով՝ Սաակաշվիլին Վրաստանում պատշաճ բուժում չի ստանում։

Թբիլիսիի քաղաքային դատարանը երկամսյա վերանայումից հետո՝ փետրվարի 6-ին, մերժել է փաստաբանների միջնորդությունը Սաակաշվիլիի առողջական վիճակը հաշվի առնելով ազատել նրան կամ հետաձգել պատիժը` արտերկրում բուժում ստանալու հնարավորություն ընձեռելով։