A կարգի տաքսիները լիցենզիայից չօգտվելու դեպքում ևս գումար կվճարեն

Թբիլիսիում մարտի 20-ից դադարեցվել է գործող համակարգով տաքսիների թույլտվության տրամադրումը, իսկ ապրիլի 1-ից կգործի նորը։ Ուժի մեջ կմտնի տաքսիների բարեփոխման երրորդ փուլը, որը նախատեսում է տաքսի վարելու թույլտվություն (լիցենզիա) ունեցող անձանց թույլտվությունների առք ու վաճառքը, այս մասին Թբիլիսիի քաղաքապետարանի նիստում հայտարարել է քաղաքապետ Կախա Կալաձեն։

Նրա խոսքով՝ ապրիլի 1-ից կգործարկվի www.taxi.tbilisi.gov.ge կայքը, որտեղ հնարավոր կլինի վաճառել, գնել կամ վարձով տալ տաքսի վարելու թույլտվությունը։

«Թույլտվությունների ակտիվացման ժամկետը սահմանվում է այս տարվա ապրիլի 1-ից մինչև 2024 թվականի ապրիլի 1-ը։ Այս մեկ տարվա ընթացքում բոլոր նրանք, ովքեր ունեն A կարգի տաքսի վարելու լիցենզիա, հնարավորություն կունենան ակտիվացնել թույլտվությունը։ Եթե անձը որոշի պահել թույլտվությունը և չօգտվի դրանից, ապա մեկ տարի անց նրանից կգանձվի հարկ՝ օրական երեք լարիի չափով»,- ասել է Կախա Կալաձեն։

Քաղաքապետը հայտնել է, որ տաքսիների բարեփոխման երրորդ փուլի շրջանակներում A կատեգորիայի տաքսիստները կկարողանան ավտոբուսի գծում ուղևորներ վերցնել և իջեցնել։

Կարդացեք նաև՝

Տաքսիներին կթույլատրվի կանգ առնել ավտոբուսի գոտում՝ ուղևոր վերցնելու կամ իջեցնելու նպատակով