Թբիլիսիի մանկապարտեզներն ընդունում են ուկրաինացի երեխաներին

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքով՝ հաջորդ շաբաթվանից մայրաքաղաքի մանկապարտեզները կկարողանան ընդունել Թբիլիսիում գտնվող ուկրաինացի երեխաներին։

«Վարչապետի հրամանով Վրաստանում գտնվող Ուկրաինայի քաղաքացիներն ամբողջությամբ ապահովված են բնակարանով և սննդով։ Տեղավորվում են տարբեր հյուրանոցներում։ Այս ամենին ներգրավված է Թբիլիսիի քաղաքապետարանը։ Մենք աջակցության տարբեր ծրագրեր ենք սկսել։ Գործում է նաև անվճար երթևեկություն քաղաքային տրանսպորտով: Միայն անհրաժեշտ է ցույց տալ Ուկրաինայի քաղաքացիությունը հաստատող անձնագիր»,- ասել է Կալաձեն։

Ըստ Կալաձեի՝ նրանց համար մուտքն անվճար է նաև մայրաքաղաքի մարզական ենթակառուցվածքներ, լողավազաններ, արվեստի դպրոցներ և թանգարաններ.

«Եվս մեկ նորություն՝ քաղաքային խորհրդի հետ որոշել ենք, որ այստեղ գտնվող ուկրաինական ընտանիքների երեխաները կկարողանան օգտվել մանկապարտեզների ծառայություններից՝ առանց որևէ վճարի»։

Կալաձեն՝ իր տեղակալ Իլիա Էլոշվիլիին հանձնարարել է համակարգել այս հարցը։

«Այս ընտանիքների հետ պետք է անմիջական շփում ունենալ ու բացատրել այս ամենը։ Մենք կկանգնենք այդ ընտանիքների կողքին այնքան ժամանակ, քանի դեռ դրա կարիքը չի լինի, և Ուկրաինայում խաղաղություն կտիրի», — ասել է քաղաքապետը։

Թբիլիսիի քաղաքապետը խոսել է նաև Ուկրաինային օգնելու համար բացված հաշվեհամարի կարևորության մասին և հայտնել, որ արդեն փոխանցվել է ավելի քան 117 հազար լարի (մոտ 36 563 դոլար)։

Հիշեցնենք՝ Կալաձեն մարտի 3-ին հայտարարել էր, որ կբացվի գանձապետական ​​հաշիվ, որտեղ քաղաքացիները կկարողանան գումար փոխանցել Ուկրաինային օգնելու համար։