Ներքին գործերի նախարարությունը վերջին մի քանի օրվա ընթացքում Թբիլիսիում և մարզերում իրականացված օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում թմրանյութերին առնչվող հանցագործության մեղադրանքով ձերբակալել է 135 անձի։
Ճեպազրույցի ժամանակ Կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի տնօրեն Դավիթ Կիկնաձեն հայտնել է, որ ձերբակալվածներից 55-ը տարբեր ձևերով ներգրավված են եղել թմրանյութերի իրացման գործում։ Մեղադրյալների թվում են ոչ միայն Վրաստանի, նաև օտարերկրյա քաղաքացիներ։
Ձերբակալվածները թմրամիջոցների տարածման համար տարբեր եղանակներ են կիրառել։ Իրավապահները, դատավորի որոշման հիման վրա, մի քանի անգամ իրականացրել են թմրանյութերի վերահսկելի գնում և գործընթացի գաղտնի ձայնատեսագրում։
Մեղադրյալների անձնական, ավտոմեքենաների և բնակարանների խուզարկությամբ, նաև որպես իրեղեն ապացույց ոստիկանությունն առգրավել է առանձնապես խոշոր չափերի տարբեր տեսակի թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր։ Առգրավվել են նաև թմրանյութերի իրացման արդյունքում ստացված դրամական միջոցներ և ապօրինի հրազեն։