Թուրքիան Վրաստանի ռազմավարական գործընկերն է. վարչապետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Թուրքիայի Հաթայ նահանգի Անթաքիա քաղաքում հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ աշխատանքային ընթրիքի ընթացքում արդյունավետ զրույց է ունեցել:

Վարչապետի փոխանցմամբ, խոսել են երկու երկրների ռազմավարական հարաբերությունների հետ կապված բազմաթիվ ընթացիկ հարցերի մասին։ Ըստ նրա՝ Թուրքիան Վրաստանի համար հիմնական ռազմավարական գործընկերներից է, և համար առաջին առևտրային գործընկերը։

«Երկու տարի առաջ մենք նպատակ ենք դրել ապրանքաշրջանառությունը հասցնել երեք միլիարդ դոլարի, այս հայտարարությունն արել ենք երկու տարի առաջ, երբ ես պաշտոնական այցով Անկարայում էի, և ուզում եմ ձեզ ասել, որ անցյալ տարի ապրանքաշրջանառությունը հասել է 2,8 միլիարդ դոլարի, ինչն, իհարկե, շատ կարևոր է»,- ասել է Ղարիբաշվիլին:

Ղարիբաշվիլիի խոսքով, զրույցի ընթացքում շոշափվել են նաև Վրաստանի և Թուրքիայի հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր.

«Բնական է, որ մենք վերանայել ենք մեր երկրների միջև առկա հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր, և այդ հարաբերությունների զարգացման ավելի մեծ ներուժ կա, որպեսզի երկուստեք էլ ավելի օգտակար գործեր անենք»:

Ի դեպ, Վրաստանի վարչապետի պաշտոնական այցը Թուրքիա սկսվել է փետրվարի 23-ին։ Այցի շրջանակներում Ղարիբաշվիլին հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: