«Թրանսփերենսի Ինթերնեշնլ-Վրաստան» (TI) հասարակական կազմակերպության դիտարկմամբ՝ «Վրացական երազանք»-ը լրագրողների հավատարմագրման կարգը վերածել է քննադատական մեդիայի հետապնդման և պատժի մեխանիզմի։
Կազմակերպության տարածած հայտարարության մեջ նշված է, որ վերջին երկու ամսվա ընթացքում պատգամավորներին քննադատական հարցեր տալու պատճառով խորհրդարանական հավատարմագրումը չեղարկվել է կամ խորհրդարանում գործունեությունը սահմանափակվել է քննադատական մեդիայի շուրջ 15 ներկայացուցչի նկատմամբ։
Խստացված կանոնները իշխանությանը հնարավորություն են տալիս պատժամիջոցներ կիրառել ոչ միայն կոնկրետ լրագրողի, այլև ամբողջ լրատվամիջոցի նկատմամբ։ Այս ճանապարհով «Վրացական երազանք»-ը լրագրողներին պատժում է հարցեր տալու համար, իսկ հանրությանը զրկում է խորհրդարանում ընթացող գործընթացների մասին լիարժեք տեղեկատվություն ստանալու հնարավորությունից, ասված է հայտարարության մեջ։
««Վրացական երազանք»-ը շարունակում է տարբեր ձևերով սահմանափակել անկախ, քննադատական մեդիայի գործունեությունը և դրա համար օգտագործել պետական ինստիտուտներն ու իր ազդեցության տակ գտնվող մարմինները։ Այս առումով հատկապես նշանակալի է Վրաստանի խորհրդարանը, որտեղ լրագրողների հավատարմագրման առանց այն էլ դրակոնյան կանոնը վերածվել է անկախ մեդիայի հետապնդման մեխանիզմի։ Հենց այս կանոնի հիման վրա, պատգամավորներին քննադատական հարցեր տալու պատճառով, վերջին երկու ամսվա ընթացքում խորհրդարանական հավատարմագրումները չեղարկվել են և/կամ օրենսդիր մարմնում լրագրողական գործունեությունը սահմանափակվել է քննադատական մեդիայի շուրջ 15 ներկայացուցչի նկատմամբ։ Սա, բնականաբար, էապես խոչընդոտում է օրենսդիր մարմնում ընթացող գործընթացների վերաբերյալ հանրությանը պատշաճ իրազեկմանը։
Օրենսդիր մարմնում հավատարմագրման նոր կարգը «Վրացական երազանք»-ը մշակել էր 2023 թվականի փետրվարին, ինչի հիման վրա էլ սահմանվել էին խորհրդարանում մեդիայի ներկայացուցիչների վարքագծի կանոնները։ Կետերից մեկի համաձայն՝ «խորհրդարանի պատգամավորի, ապարատի աշխատակցի կամ հյուրի հարցազրույցից հրաժարվելու դեպքում» լրագրողը պետք է դադարեցնի հարցազրույցը։ Հենց այս նորմն է «Վրացական երազանք»-ը վերածել քննադատական հարցերից խուսափելու, նաև քննադատական մեդիային ու լրագրողներին պատժելու մեխանիզմի։ Հղում անելով այս նորմին՝ վերջին տարիներին խորհրդարանական հավատարմագրումը տարբեր ժամկետներով կասեցվել է, և օրենսդիր մարմնում գործունեությունը սահմանափակվել է քննադատական մեդիայի տասնյակ ներկայացուցիչների նկատմամբ»,- գրել է TI-ն։