Տիկարաձեն նշել է, թե երբ է Վրաստանը ստանալու կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը

Վրաստանի Առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն «Իմեդի» հեռուստաընկերության եթերում խոսել է այն մասին, թե երբ է Վրաստանը ստանալու կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը և երբ է բնակչությունը պատվաստվելու:

Նրա խոսքով՝ ամեն ինչ արվում է, որպեսզի Վրաստանը ստանա որակյալ պատվաստանյութ:

«Մենք ստացել ենք նամակ, որ ակտիվացել է «Կովաքս» հարթակը, որտեղ մենք անդամագրված ենք և պատվաստանյութի համար վճարել ենք որոշակի գումար: Փետրվարի վերջը այն ժամանակահատվածն է, որը երաշխավորված կարող ենք ասել, որ Վրաստանում կլինի պատվաստանյութը և մենք կսկսենք բնակչության պատվաստումը»,- հայտարարել է Տիկարաձեն:

Հարցին, թե որ տեսակի պատվաստանյութն է առաջինը ստանալու Վրաստանը, նախարարը նշել է, որ այս պահին խոսքը «Փֆայզեր» պատվաստանյութի մասին է: