Վարչապետը դատապարտում է ռուս պատգամավորի ելույթը Վրաստանի խորհրդարանում

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն անդրադարձել է խորհրդարանում ռուս պատգամավորի ելույթին և ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, որի թարգմանությունը, անփոփոխ, ներկայացնում ենք ստորև.

«Դժվար է տեսնել, որ Վրաստանի բարձրագույն օրենսդիր մարմնի գլխավոր ամբիոնից ելույթ է ունենում օկուպանտ երկրի պատգամավոր: Այս փաստը վնաս է հասցնում մեր ազատության գաղափարին, վնասում է վրաց պառլամենտարիզմին: Ամբողջովին կիսում եմ վրաց հասարակության արդար բողոքը և դիմում եմ կազմակերպիչներին` անհապաղ բացատրեն հասարակությանը տեղի ունեցածը և խիստ արձագանքեն»,- գրել է վարչապետը:

Հիշեցնենք, որ Թբիլիսիում լարված իրավիճակ է․ այստեղ անցկացվում է Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը, որին ներկա է նաև պատվիրակություն Ռուսաստանից։ Սակայն ռուս պատգամավորների ներկայությունն այնքան էլ միանշանակ չի ընդունվում․ նախ պատվիրակությանը Թբիլիսիում ակտիվիստները բողոքի ցույցով են դիմավորել, վանկարկելով, թե «Ռուսաստանն օկուպանտ է»: Այնուհետև Գավրիլովի ելույթի ժամանակ Վրաստանում Ուկրաինայի դեսպան Իգոր Դոլգովը՝ ի նշան բողոքի լքել է դահլիճը: Առավոտյան էլ խորհրդարանում վիճաբանություն է եղել այս առիթով։