Վարչապետը հանդիպել է ԵԽ նախագահ Շառլ Միշելի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Նյու Յորքում հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Հանդիպումը կայացել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի շրջանակներում։

Վրաստանի կառավարության վարչակազմի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Իրակլի Ղարիբաշվիլին Շառլ Միշելին տեղեկացրել է Եվրամիության 12 հանձնարարականների կատարման մասին և ասել, որ Վրաստանն առաջընթաց է գրանցել բոլոր ուղղություններով:

Ղարիբաշվիլիի խոսքով՝ Եվրամիության ներկայացուցիչների հետ հանդիպումներում ընդգծված բոլոր չորս հարցերը, որոնց շուրջ նրանք ցանկանում են առաջընթաց տեսնել մինչև սեպտեմբերի վերջը, կկարգավորվեն: Այդ խնդիրներից են ապաօլիգարխացումը և դատական ​​համակարգի բարեփոխումը։

Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպումից հետո Շառլ Միշելը X-ի (նախկին Twitter) իր պաշտոնական էջում գրառում է կատարել, ըստ որի` կրկնել է, որ ԵՄ-ն հավատարիմ է Վրաստանի անդամակցության հեռանկարներին, և ժամանակն է կոնկրետ կատարել այն առաջնահերթությունները, որոնք անհրաժեշտ են թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։