Վարկեթիլիի շուկայի հրդեհից տուժածները փոխհատուցում կստանան. Կալաձե

Ապահովագրական ընկերությունը փոխհատուցելու է Վարկեթիլիի շուկայում հրդեհի հետևանքով տուժածներին: Այս մասին քաղաքային կառավարության նիստից առաջ ասել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:

«Հետաքննություն է ընթանում, ամեն ինչ կհստակեցվի և ապահովագրական ընկերությունը կանի այն, ինչ իր պատասխանատվության ներքո է: Թբիլիսիի քաղաքապետարանը պատրաստ է հանդիպել, ներգրավվել աշխատանքներում, քննարկել առկա իրավիճակը և օգնել՝ մեր հնարավորությունների սահմաններում: Ես այս խնդրի շուրջ զրուցել եմ նաև վարչապետի հետ և առաջիկա օրերին կլինեն հանդիպումներ և խորհրդակցություններ», — հայտնել է Կախա Կալաձեն:

Հիշեցնենք՝ հունիսի 15-ի լույս 16-ի գիշերը Թբիլիսիի Վարկեթիլի թաղամասի շուկայում հրդեհ էր բռնկվել: Հրդեհն ընդգրկել է տասնյակ խանութներ ու կրպակներ, առևտրականների տաղավարներ: Այրվել է մոտ 4 հազար քառակուսի մետր տարածք: Տեղում աշխատել է 25 հրշեջ փրկարարական բրիգադ։ Կրակի արագ տարածման պատճառով հարակից տարածքում տեղակայված շենքերի էլեկտրոէներգիան անջատվել էր, բնակիչներն էլ էվակուացվել էին:

Հրդեհի բռնկման պատճառը դեռևս անհայտ է, ՆԳՆ-ն փաստի հետ կապված հետաքննություն է սկսել:

Ֆոտոշարք. Վարկեթիլին հրդեհից հետո