Վրաստանի կրթության նախարար Գիվի Միքանաձեն հրամանագիր է ստորագրել, որով սահմանվել է տարրական դպրոցի աշակերտների (1-ից 6-րդ դասարաններ) դպրոցական համազգեստի ամրագրված գին հանրակրթական դպրոցներում։
Փաստաթղթի համաձայն՝ համազգեստի մեկ միավորի համար հաստատվել են հետևյալ գները.
- Դպրոցական բաճկոն (տղաների և աղջիկների համար)՝ 45 լարի (մոտավորապես 18 դոլար).
- Դպրոցական տաբատ (տղաների և աղջիկների համար)՝ 25 լարի (մոտավորապես 10 դոլար).
- Դպրոցական կիսաշրջազգեստ (կարճ և երկար)՝ 25 լարի։
Այսպիսով, տղայի համար նախատեսված համազգեստի ամբողջական հիմնական հավաքածուն, որը բաղկացած է մեկ բաճկոնից և երկու տաբատից, կարժենա 95 լարի։ Աղջկա համար նախատեսված հավաքածուն, որը ներառում է բաճկոն, տաբատ և կիսաշրջազգեստ, նույնպես կարժենա 95 լարի (37 դոլար)։
Նախարարության հրամանագրում հատուկ ընդգծված է, որ հաստատված գներն ամրագրված են, և դպրոցական համազգեստի ցանկացած այլ գնով վաճառքը խստիվ արգելվում է։