Վրաց-հայկական տնտեսական համագործակցությանը նոր փուլ կհաղորդեն

Վրաստանի Բաթումի քաղաքում կայացած դեմ առ դեմ հանդիպումից հետո Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել են երկրների միջև ընդլայնված կազմով համագործակցության դինամիկան։

Վրաստանի կառավարության փոխանցմամբ՝ քննարկված հարցերի թվում են եղել տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցության ուղղությունները։ Ընդգծվել է երկրների միջև փոխգործակցության դրական դինամիկան տրանսպորտի, առևտրի, էներգետիկայի, մշակույթի և այլ ուղղություններով։

Հանդիպմանն ընդգծվել է երկու երկրների միջկառավարական տնտեսական հանձնաժողովի դերը, որը կարևոր հարթակ է Վրաստան-Հայաստան միջև կապերի ամրապնդման համար։

«Ընդլայնված հանդիպմանը կողմերը քննարկել են տնտեսության ոլորտում համագործակցության նոր ուղղությունները։ Ուշադրություն է դարձվել առևտրատնտեսական խնդիրներին։ Վարչապետները պատրաստակամություն են հայտնել նոր փուլ տեղափոխել երկրների միջև տնտեսական համագործակցությունը»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանում և աշխարհում անվտանգության միջավայրն ու մարտահրավերները։ Վրաստանի կառավարության ղեկավարը ընդգծել է՝ խաղաղ հարևանության նախաձեռնության շրջանակներում Վրաստանը շարունակում է իր պատրաստակամությունը հայտնել ջանքերն ուղղելու տարածաշրջանի խաղաղ զարգացմանը։

Վարչապետներն ընդգծել են երկու երկրների պատմամշակութային կապերը։ Քննարկել են ռազմավարական հարցերի շուրջ բարձր մակարդակով երկխոսության մեկնարկը, որը լրացուցիչ խթան կհաղորդի երկու երկրների հաջող համագործակցությանը և միևնույն ժամանակ կխթանի տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը։