Վրացական և ուկրաինական ՀԿ-ները համատեղ հայտարարությունը են տարածել

Վրացական և Ուկրաինական 58 հասարակական կազմակերպություններ համատեղ հայտարարություն են ստորագրել՝ կոչ անելով աշխարհի պետություններին միասնական ուժերով պատասխանել ռուսական ագրեսիային։

«Մենք՝ Վրաստանի և Ուկրաինայի քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, կարծում ենք, որ Ուկրաինայում Ռուսաստանի շարունակվող ռազմական հարձակումը ինքնիշխան պետության դեմ չհիմնավորված և չարդարացված ագրեսիայի ակտ է՝ եվրոպական և համաշխարհային անվտանգությունը խախտելու փորձ։ Այսօր Ուկրաինան ցույց է տալիս աշխարհի ամենահզոր ռազմական մեքենաներից մեկի դեմ պայքարի զարմանալի օրինակ, և այս անհավասար մարտում ժողովրդավարական աշխարհի պարտքն է աջակցել նրան»։

Հկ-ների հայտարարության մեջ նշվում է, որ 2008 թվականին Վրաստանը ևս դարձել է ռուսական ագրեսիայի զոհ, սակայն «պուտինյան ռեժիմը» մնացել է անպատիժ։

«Ուկրաինան այս պատերազմում պայքարում է ամբողջ մայրցամաքի և ժողովրդավարական աշխարհի համար, և մեր պարտքն է աջակցել Ուկրաինայի հերոս ժողովրդին։ Հիմա գործելու ժամանակն է»,- ասված է 58 կազմակերպությունների համատեղ հայտարարությունում։