Պատրաստ եմ միանալ Ադրբեջանի հետ բանակցություններին. Սաակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է Ադրբեջանի հետ սահմանին գտնվող Դավիթ Գարեջի վանական համալիրի շուրջ ստեղծված իրավիճակին։

Վտարանդիության մեջ գտնվող Սաակաշվիլին ասել է, որ անգամ Վրաստանի գործող  իշխանությունների պայմաններում պատրաստ է բանակցել Ադրբեջանի հետ։

Նա նշել է, որ պետք է տեղի ունենան հիմնային բանակցություններ, հաշվի առնվեն երկկողմ շահերը:

«Դավիթ Գարեջիի, ինչպես նաև մյուս բոլոր հարցերը շատ արագ կլուծվեն այլ՝ նորմալ իշխանության պայմաններում: Այժմ, սակայն, միակ ելքը շուտափույթ բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալն է։ Ես պատրաստ եմ միանալ դրանց անգամ այս իշխանությունների պայմաններում: Անշուշտ, ես ունեմ իմ կապերը Ադրբեջանում: Սրանք ոչինչ ի վիճակի չեն որոշել, այս հարցում պետք են ֆունդամենտալ բանակցություններ, երբ երկու կողմերն էլ հաշվի կառնեն միմյանց շահերը, քանի որ վերջին հաշվով այստեղ խոսքը ժողովուրդների միջև հարաբերությունների մասին է, որը չպետք է վնասվի», — հայտարարել է Սաակաշվիլին, հավելելով՝ որ «Իվանիշվիլիները կգնան, իսկ վրաց և ադրբեջանցի ժողովուրդը կմնա»:

Նրա խոսքով վրացիներն ու ադրբեջանցիները եղբայրական ազգեր են, ինչը պատմությունը բազմիցս հաստատել է:

Հիշեցնենք՝ այս պահին բողոքի ակցիա է ընթանում համալիրի տարածքում, մասնակիցները պնդում են, որ Գարեջին դա վրացական է։

Վրաց-ադրբեջանական սահմանին գտնվող համալիրի շուրջ իրավիճակը թեժացել է հատկապես այն բանից հետո, երբ Ադրբեջանը զբոսաշրջիկների ու վրացի հոգևորականների առաջ փակել էր Դավիթ Գարեջիի անապատի վանքը։

Ի դեպ, տևական ընդմիջումից հետո վրաց-ադրբեջանական սահմանազատման հարցը Բաքու կատարած այցի ընթացքում բարձրացրել էր Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։