Վրաստան-Ադրբեջան էներգետիկ համաձայնագրով տարանցման սակագինը նախապես է որոշվել

Ադրբեջանից Թուրքիա էլեկտրաէներգիայի տարանցման վերաբերյալ նոր պայմանագիր է կնքվել, որի շրջանակներում առաջին երեք տարվա ընթացքում տարանցման արժեքը նախապես որոշվել է։ Այս տեղեկությունը տարածել է «Վրաստանի պետական էլեկտրահամակարգ»-ը (GSE):

Գերատեսչության պարզաբանմամբ՝ գնի նախնական ամրագրումը զգալիորեն կնպաստի երկրի բյուջետային և համակարգային պլանավորման բարելավմանը: Երկու երկրների միջև ռազմավարական փաստաթուղթը ստորագրվել է Բաքվում՝ կառավարական այցի շրջանակներում և ուժի մեջ կմտնի 2027 թվականի հունվարի 1-ից:

Երկկողմ համաձայնագիրն ստորագրել են «Վրաստանի պետական էլեկտրահամակարգի» գլխավոր տնօրեն Վանո Զարդիաշվիլին և Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) նախագահ Ռովշան Նաջաֆը:

Վանո Զարդիաշվիլին Բաքվում էր գտնվում Վրաստանի վարչապետի այցի շրջանակներում՝ Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլիի հետ միասին: Ստորագրման պաշտոնական արարողությանը ներկա է եղել նաև էկոնոմիկայի նախարարի տեղակալ Թամար Իոսելիանին:

«Վրաստանի պետական էլեկտրահամակարգ»-ի կարծիքով` այս քայլը տարածաշրջանում տնտեսապես և իրավականորեն երկրի դիրքերն ավելի կամրապնդի:

«Նշված համաձայնագիրն ապահովում է Վրաստանի տարանցիկ գործառույթի իրավական և ֆինանսական ամրապնդումը, զգալի ներդրում կունենա տարածաշրջանային էներգետիկ միջանցքի զարգացման գործում և հիմք կհանդիսանա երկարատև տարածաշրջանային համագործակցության ու կայուն գործընկերության համար», — հայտնել են գերատեսչությունից:

Պայմանագրի ընդհանուր ժամկետը կազմում է 20 տարի, որը կարգավորում է Վրաստանի տարածքով ադրբեջանական էլեկտրաէներգիայի դեպի Թուրքիա տարանցման հիմնական պայմանները:

«Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեի Բաքու կատարած այցի շրջանակներում Վրաստանն ու Ադրբեջանը ստորագրել են տնտեսության, տրանսպորտի և էներգետիկայի ուղղություններով համաձայնագրերի փաթեթ:
Կողմերը կնքել են 20-ամյա համաձայնագրեր, որոնք վերաբերում են բնական գազի մատակարարմանն ու տարանցմանը, նաև տարածաշրջանային տրանսպորտային նախագծերին:

Փաստաթղթերի թվում է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի արդիականացման ավարտի մասին արձանագրությունը, որի հիման վրա ենթակառուցվածքը փոխանցվել է համատեղ ձեռնարկությանը: Նաև որոշվել է, որ մայիսի 26-ից կվերականգնվի Բաքու-Թբիլիսի-Բաքու ուղղությամբ ուղևորատար երկաթուղային հաղորդակցությունը։