Վրաստան-Ղազախստան չվերթները չեն չեղարկվել

Վրաստան-Ղազախստան չվերթները դեռ շարունակվում են և չեն չեղարկվել՝ չնայած Ղազախստանում տիրող լարված իրավիճակին։ Այդ մասին տեղեկանում ենք Վրաստանի արտաքին գործերի նախարարությունից։

Ղազախստանում Վրաստանի դեսպանությունն աշխատում է բնականոն ռեժիմով, ակտիվացել է թեժ գիծը, և Վրաստանի քաղաքացիները կարող են զանգահարել՝ +7 (717) 224-32-58 հեռախոսահամարով։

Նշենք, որ Ղազախստանի կառավարությունը հունվարի 4-ին հայտարարություն էր տարածել հեղուկ բնական գազի գնի բարձրացման վերաբերյալ, որը բողոքի ցույցերի էր հանգեցրել Մանգիստաու շրջանում, ապա՝ ողջ երկրում։ Ղազախստանի նախագահ Խասիմ-Ժոմարտ Տոկաևը այս ֆոնին ստորագրել է կառավարության հրաժարականի դիմումը։

Նա ասել է, որ կառավարությունը հնարավորինս խստորեն կգործի իրավախախտների դեմ և ցուցարարներին դավադիրներ է անվանել։

Հատկանշական է նաև, որ զանգվածային անկարգությունների ֆոնին Ղազախստանի իշխանությունները երկրում արտակարգ դրություն են հայտարարել։

Ավելի ուշ լուրեր են տարածվել, որ ցուցարարները գրավել են երկրի ամենամեծ՝ Ալմաթիի օդանավակայանը։ Ղազախստանում, ի դեպ, ինտերնետն ամբողջովին արգելափակված է։

Հավաքական անվտանգության խորհուրդը հունվարի 5-ին որոշել է ՀԱՊԿ խաղաղապահ ուժեր ուղարկել Ղազախստան:

Նորայր Միսկարյան