Վրաստանը «3+3»-ի երկրորդ հանդիպմանը ևս չի մասնակցի

Վրաստանը չի մասնակցի «3+3» կովկասյան հարթակի հաջորդ հանդիպմանը ևս, որը տեղի կունենա Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում։ Այս մասին հայտնել է Թուրքիայում Վրաստանի դեսպան Գիորգի Ջանջղավան։

«Վրաստանը հաստատ չի մասնակցի «3+3»-ի հանդիպմանը։ Թուրքիան և Ադրբեջանը Վրաստանի ռազմավարական գործընկերներ են, իսկ Հայաստանը՝ պատմական լավ հարևանը»,- Daily Sabah-ին ասել է Ջանջղավան՝ ընդգծելով, որ «3+3»-ի մասնակից Ռուսաստանը «բռնազավթել է» Վրաստանի տարածքի 20%-ը։

Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հույս էր հայտնել, որ «3+3» հարթակի շրջանակներում Անկարայում կայանալիք հաջորդ հանդիպմանը կմասնակցի նաև Վրաստանը։

Տարածաշրջանային «3+3» համագործակցության ձևաչափի (Ռուսաստան, Թուրքիա, Իրան և Հայաստան, Ադրբեջան, Վրաստան) դեկտեմբերի 10-ին կայացած առաջին նիստին Վրաստանը չմասնակցեց, մերժելով այդ նախաձեռնությունը, փոխարենը ղարաբաղյան կոնֆլիկտի հանգուցալուծման բանակցությունների և քննարկումների համար հարևաններին շարունակում է առաջարկել իր հարթակը:

Տաթև Խոցանյան

Կարդացեք նաև՝

Թբիլիսյան հարթակը՝ «3+3»-ին այլընտրանք