Վրաստանը կանգնած է ուկրաինացման և երկրորդ ճակատի բացման վտանգի առաջ. վարչապետ

Վրաստանի խորհրդարանում իր ելույթի ժամանակ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, թե որն է Վրաստանի առջև այսօր ծառացած իրական վտանգը՝ այն անվանելով դավադիր ծրագիր։

Ղարիբաշվիլին նշել է՝ այդ վտանգը, այսպես կոչված, ուկրաինացումը, երկրորդ պոլիգոնի և «երկրորդ ճակատի» բացման ծրագիրն է: Վարչապետի խոսքով, Վրաստանին պատերազմի մեջ ներքաշելու և երկրում «երկրորդ ճակատ» բացելու փորձեր շատ են եղել:

Կառավարության ղեկավարը հիշեցրել է՝ «երկրորդ ճակատ»-ի հայտարարություններն ուղղակիորեն հնչեցրել է Ուկրաինայի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Օլեքսի Դանիլովը:

«Պարոն Դանիլովը ասուլիսում հայտարարեց, որ իրենց ցանկությունն ու նպատակը Վրաստանում երկրորդ ճակատ բացելն է։ Նա նաև հավելեց, որ իրենց խնդիրն է Ռուսաստանի ուշադրությունը շեղել այլ երկրի ու տարածաշրջանի վրա։ Նշվել է նաև, որ ոչ միայն ուկրաինացի կանայք և երեխաները պետք է զոհվեն, այլև մյուս երկրները պետք է զգան այս պատերազմի հետևանքները։

Սա շատ հակիրճ ելույթ է, որը լսեց ողջ հասարակությունը: Դրանից հետո մենք հիշում ենք Ուկրաինայի իշխանությունների ներկայացուցիչների հայտարարությունները, անուններ չենք թվարկի։ Ձեզ քաջ հայտնի է, որ մենք պատերազմող իշխանություն չենք։ Նրանք ցանկանում էին, որ իշխանության ղեկին լիներ Սաակաշվիլին, ով պատերազմ կսկսեր Ռուսաստանի դեմ, կմիանար Ուկրաինային և պատերազմի մեջ կներքաշեր Վրաստանին»,- ասել է Ղարիբաշվիլին։

Ղարիբաշվիլին խոսել է նաև Վրաստանի առջև ծառացած մարտահրավերների մասին՝ նշելով, որ «երկրի 20 տոկոսը օկուպացված է, իսկ օկուպանտ երկրի զորքերը տեղակայված են Վրաստանի պատմական հողերում»։

«Ուզում եմ բոլորին հիշեցնել, որ այսօր մեր երկիրը ոչ Եվրամիության, ոչ էլ ՆԱՏՕ-ի անդամ է, մենք չունենք անվտանգության երաշխիքներ, և երկրի 20 տոկոսը օկուպացված է թիվ մեկ միջուկային տերության կողմից»,- հավելել է վարչապետը: