Ախալցիխեում անցկացվել են վրաց-թուրքական զորավարժություններ

Վրաստանի Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) սահմանային ոստիկանության ցամաքային սահմանների պահպանության վարչության Ախալցիխեի բաժնի «Վալե» սահմանային հատվածի տարածքում անցկացվել են վրաց-թուրքական սահմանային ստորաբաժանումների համատեղ վարժանքներ։ 

Զորավարժությանը մասնակցել են Վրաստանի սահմանային ոստիկանության Ախալցիխեի դիվիզիայի 25-րդ բրիգադի և Թուրքիայի Հանրապետության զինված ուժերի մարտավարական խմբերը։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը:

Ըստ ՆԳՆ-ի՝ համատեղ վարժանքների նպատակը երկու երկրների սահմանապահ ստորաբաժանումների միջև ցամաքային սահմանի պաշտպանության ոլորտում փորձի փոխանակումը և սահմանային անվտանգության հարցերում համակարգված գործողությունների կատարելագործումն է։ Զորավարժությունների շրջանակներում սահմանապահները բարելավել են սահմանային միջադեպերին արձագանքելու և կանխարգելիչ գործողություններ իրականացնելու իրենց կարողությունները: 

Զորավարժությունների սցենարը բաղկացած էր 2 հիմնական մասից՝ անօրինական միգրանտների ձերբակալում և պետական ​​սահմանով խոշոր եղջերավոր անասունների մաքսանենգության կանխարգելում։ 

Դասընթացի ամփոփիչ միջոցառումն անցկացվել է «Վալե» հատվածի տարածքում։  Վրաստանի ՆԳՆ-ի ցամաքային սահմանների պաշտպանության դեպարտամենտի փոխտնօրեն, գնդապետ Էմզար Աբրամիշվիլին գնահատել է վարժանքները և շնորհակալություն հայտնել մասնակիցներին հաջող միջոցառման համար։  

Դասընթացի հյուրերին և մասնակիցներին ողջունել է նաև Թուրքիայի զինված ուժերի 25-րդ բրիգադի հրամանատար, բրիգադային գեներալ Բերաթ Աջարը։ 

Միջոցառման ավարտին զորավարժության մասնակիցներին շնորհվեցին շնորհակալագրեր և խորհրդանշական նվերներ։ 

ՆԳՆ-ն նշում է, որ համատեղ վարժանքներն անցկացվել են 2021 թվականի Թուրքիա-Վրաստան երկկողմ համագործակցության ծրագրի շրջանակներում։ Նմանատիպ դասընթացներ անցկացվում են պարբերաբար Վրաստանի և Թուրքիայի Հանրապետության միջև՝ 2 տարին մեկ անգամ։

Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր