Վրաստանի հայ համայնքի հետ ՀՀ դեսպանի հանդիպման գլխավոր ուղերձները

Վրաստանում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Աշոտ Սմբատյանն այսօր «Հայարտուն» կենտրոնում իր առաջին հանդիպումն ունեցավ Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպումն ուներ ճանաչողական բնույթ. դեսպանն ու ներկաները մտքեր փոխանակեցին Հայաստան–Վրաստան հարաբերությունների և Հայաստանում վերջին օրերին ծավալված իրադարձությունների շուրջ։

«Ալիք Մեդիայի» հետ հարցազրույցում դեսպանը նշեց, որ նրա գործունեության առաջնահերթությունները լինելու են ի նպաստ հայ-վրացական հարաբերությունների բարելավման։

«Վրաստանում ՀՀ դեսպանությունը ամեն ջանք ներդնում է Հայաստանում Ադրբեջանի ագրեսիան Վրաստանում ներկայացնելու համար, մենք փորձում ենք հասարակական և քաղաքական, նաև` խորհրդարանական շրջանակներում և վրացական մամուլում անդրադառնալ այս հարցին, բարձրացնել իրազեկվածության մակարդակը»։

Հայ հասարակական գործիչ Լևոն Չիդիլյանը հարց հնչեցրեց Հայաստանի` ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ, ինչին ի պատասխան դեսպանն ասաց․ «Չեմ կարծում, որ Հայաստանում այսօր դրված է ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը, սակայն Հայաստանում թե՛ քաղաքական, թե՛ հասարակական շրջանակներին, կարծում եմ, այնքան էլ չեն գոհացնում ՀԱՊԿ-ի դանդաղկոտությունը»։

Դեսպանն ընդգծեց` իմ սկզբունքն է` լինել շատ Հայաստան Վրաստանում և շատ Վրաստան` Հայաստանում.

«Այսօր մենք ունենք ավելի ակտիվ հայկական կյանք Վրաստանում։ Բնականաբար, հայ համայնքը պետք է պահպանի իր ինքնությունը. լինելով Վրաստանի օրինապաշտ քաղաքացի, այսուհանդերձ, կարող է նաև Հայաստան-Վրաստան կապող կամուրջ դառնալ»։

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ընթացող գործողությունների վերաբերյալ դեսպանը նշեց, որ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիան Հայաստանի դեմ նպատակ ունի ինչ-որ կերպ միջանցք բացելու Թուրքիայի հետ․

«Ներխուժելով Հայաստանի տարածք` Ադրբեջանը փորձում է բռնի ուժով միջանցք բացել, բռնի ուժով ստիպելով Հայաստանին` գնալ խաղաղության կամ խաղաղության փաստաթղթի, իր պատկերացրած ճանապարհով։ ՀՀ-ի համար կան սահմաններ և կարմիր գծեր, այդ թվում` Արցախի ժողովրդի անվտանգությունը և խաղաղ կեցությունն իրենց բնակավայրերում»։

Սմբատյանը հավելեց, որ հայ և վրաց ժողովուրդներն ունեն ընդհանուր պատմություն, և իրենց գլխավոր նպատակն այն է, որ կարողանան ընդհանուր ուժերով դուրս գալ ստեղծված իրավիճակից։