Վրաստանը 2021-ին մոտ 5 մլրդ լարիի պարտք է վերցրել

Վրաստանի կառավարությունը 2021 թվականին 5,247 միլիարդ լարիի պարտք է վերցրել, այս մասին ասվում է խորհրդարանի բյուջետային գրասենյակի հրապարակած զեկույցում։

Նշվում է, որ նախորդ տարի կառավարությունը մոտ 5,553 մլրդ լարի արտաքին պարտք է վերցրել, որից 1,713 մլրդ լարին ստացել է եվրոբոնդերի տեղաբաշխմամբ, մոտ 2,467 մլրդ լարին վերցրել է բյուջետային վարկերից, իսկ 1,373 մլրդ լարի՝ ներդրումային վարկերից։

Ինչ վերաբերում է ներքին պարտքին, ապա նշենք, որ 2021 թվականին կառավարությունը ներքին պարտքը ավելի շատ մարել է, քան վերցրել։

Նշենք, որ 2021 թվականին արտաքին պարտքը Վրաստանի բյուջեի ընդհանուր եկամուտների 28 տոկոսն է կազմել, 2019-ին՝ 17, իսկ 2020-ին գերազանցել է 40 տոկոսը։