«Վրաստանի կառավարությունն արգելափակում է ԱՄՆ դեսպանի թեկնածությունը». ԱԳՆ-ի արձագանքը

Այս ամենն իրականության հետ կապ չունի. Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Խաթունա Թոթլաձեն այսպես է արձագանքել տարածված այն տեղեկատվությանը, թե Վրաստանի իշխանություններն արգելափակել են Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում Բրիջիտ Բրիքի թեկնածությունը:

«Այս ամենն իրականությանը չի համապատասխանում: Սրա հետ կապված արդեն պարզաբանումներ են տվել քաղաքական գործիչները: Խոսում ենք ԱՄՆ-ի մասին, որը Վրաստանի ռազմավարական գործընկերն է, այդ պատճառով կարծում եմ, որ նման բնույթի հայտարարությունները կրկնելը վտանգավոր են, այդ թվում՝ մամուլի կողմից»,- հայտարարել է Թոթլաձեն:

Հիշեցնենք, որ Foreign Policy-ի լրատվամիջոցը սեփական աղբյուրների վրա հիմնվելով գրում է, թե ամերիկյան կողմը Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում Բրիջիտ Բրիքին էր քննարկում, սակայն Վրաստանի կառավարությունում մի քանի անձ նրան համարել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հանդեպ լավ տրամադրված անձ: Լրատվամիջոցը գրում է, որ աղբյուրները ներկա և նախկին պաշտոնյաներ են Վաշինգտոնում: