Վրաստանի մասնավոր դպրոցներն ու բուհերը նույնպես անցնելու են հեռավար ուսուցման

Այն ուսումնական հաստատությունները, որոնք արդեն սկսել են  ուստարին,   պետք է անցնեն հեռավար ուսուցման մեթոդի:  

Որոշումը վերաբերում է ինչպես մասնավոր դպրոցներին, այնպես էլ բարձրագույն ուսումնական հաստատություններին: Խոսքն այն կրթական հաստատությունների  մասին է, որոնք գործում են սեպտեմբերի 1-ից:

Նախատեսվում էր Վրաստանում նոր ուստարին մեկնարկել սեպտեմբերի 15-ին, սակայն համաճարակային իրավիճակի վատթարացմամբ պայմանավորված`  կառավարությունը որոշում է  կայացրել, որ երկրի խոշոր քաղաքներում մինչև հոկտեմբերի 1-ը  ուսուցումը հեռավար կլինի: Մնացած բնակավայրերի դպրոցներում ուստարին կմեկնարկի սեպտեմբերի 15-ին:

Կրթության, գիտության, սպորտի, երիտասարդության նախարարությունը հայտարարել է, որ ամռան ընթացքում կարևոր քայլեր են արվել հեռավար կրթության զարգացման ուղղությամբ, ու այժմ երկրի կրթական համակարգը պատրաստ է, որ դասերը կազմակերպվեն ինչպես  դպրոցում, այնպես էլ առցանց:

Շարունակվելու է «Հեռուստադպրոց» նախագիծը, արդեն ձայնագրված են 1-ից 12-րդ դասարանների հեռուստադասերը: Դասերը հեռարձակվելու են նաև հայերեն և ադրբեջաներեն` Վրաստանում բնակվող էթնիկ փոքրամասնությունների համար: Այս տարվա նորամուծություններից է էլեկտրոնային դասամատյանը, որի միջոցով հնարավորություն կլինի գնահատել աշակերտին, գրանցել նրա  հաճախելիությունը:

Ամռանը Աջարիա այցելած մոտ 2100 մանկավարժներ կորոնավիրուսի թեստ են հանձնելու: Դպրոցներն արդեն ապահովված են դիմակներով, ախտահանող նյութերով, ջերմաչափիչ սարքերով: